Իշխանական թևը կթելադրի, մյուսները կհնազանդվեն. մշակույթի գործիչները՝ նոր խորհրդարանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գրեթե վստահաբար կարող եմ պնդել, որ ոչ մի ընդդիմություն էլ խորհրդարանում չի լինելու` իր դասական դրսեւորման մեջ: Կլինի սոսկ ընդդիմության իմիտացիա, երբ այդ ուժերը մանր, ոչ էական հարցերի շուրջ համաձայնության չեն գա: Սակայն որոշիչ, սկզբունքային խնդիրների առումով իշխանական թեւը կթելադրի, մյուսները կհնազանդվեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը՝ անդրադառնալով ներկայիս ներքին քաղաքական պրոցեսներին:

Մեր այն հարցին, թե կա՞ արդյոք քաղաքական մի ուժ, որը չանցավ խորհրդարան, ինչի համար ինքն ափսոսում է, գրողը պատասխանեց. «Ափսոսանքը քաղաքականության մեջ ընդունելի կատեգորիա չէ: Ավելի շուտ կարելի է ասել` ափսոսում եմ անցնողներին, քան չանցնողներին: Եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք իրենից իսկապես արժեք է ներկայացնում, նրա գործունեության արդյունավետությունը պիտի չպայմանավորվի ԱԺ մտնել-չմտնելով»:

Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե մարդ-կուսակցություններն անցան խորհրդարան, եւ հարցին, թե ի՞նչ անել, որ գաղափարը լինի դոմինանտ, պարոն Չարխչյանը նկատեց. «Սա առաջին դեպքը չէ: Մենք արդեն սովորել ենք դրան եւ նաեւ գիտենք, թե հետեւանքներն ինչպիսին են լինում: Իսկ գաղափարախոսության առաջնահերթությունն ապահովելու համար նախ պիտի արմատավորվի դրա կարեւորության գիտակցումը: Սա, ցավոք, չկա: Չկա, քանի որ կա այն համոզմունքը, թե առանց դրա էլ կարելի է յոլա գնալ: Մարդիկ յոլա են գնում, կուսակցությունները յոլա են գնում, երկիրը յոլա է գնում: Եվ ուրեմն գաղափարը կարող է բարեբեր հող ձեռք բերել միայն այն միջավայրում, որտեղ հասարակությունն ավելի բարձր պահանջներ ունի եւ մեծ թռիչներ է երազում»:

Երաժիշտ, երգահան Վահան Արծրունին էլ այն համոզման է, որ ընդդիմությունը քաղաքական բովանդակային եւ համակարգային երեւույթ է: «Ժամանակը միայն ցույց կտա` կդառնա այն այդպիսինը, թե ոչ»,- ասաց մեր զրուցակիցը: Պարոն Արծրունու կարծիքով՝ խորհրդարան չանցած ուժերից «Սասնա Ծռեր»-ը բովանդակային լուրջ քաղաքական ռեսուրս է:

Ինչ վերաբերում է մեր այն դիտարկմանը, թե մարդ-կուսակցություններն անցան խորհրդարան, պարոն Արծրունին մեկնաբանեց. «Այս խորհրդարանը թավշյա հեղափոխությամբ է ձեւավորվել եւ Նիկոլ Փաշինյանի հանդեպ հանրային հավատի ու հույսերի արդյունք է: Հիմա պետք է պառլամենտական բնականոն ընթացքի մեջ մտնել եւ ծառայել ժողովրդին, օրենքին եւ երկրին: Մենք էլ կօգնենք, ինչով կկարողանանք»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս