ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Նոր Գեղի գյուղի բնակչի կողմից պաշտոնատար անձին պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչը՝ ծնված 1983թ., պաշտոնատար անձ հանդիսացող՝ նույն գյուղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի հետ գտնվելով նորմալ հարաբերությունների մեջ, 2018թ-ի հունիսի 13-ին նրան համոզելու եղանակով դրդել է Ղազախստանի Հանրապետության քաղաքացու անվամբ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքապետարանում առկա պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքի ձևաթղթում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնել առ այն, որ վերջինս առանց հաշվառման փաստացի բնակվում է Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում: 35-ամյա տղամարդը, ստանալով կեղծ տեղեկանքը, 2018թ. հունիսի 14-ին փոխանցել է այն Ղազախստանի Հանրապետության քաղաքացուն՝ առանց տեղեկացնելու, որ այն կեղծ է։
Բացի այդ, Կոտայքի մարզի 35-ամյա բնակիչը նույն եղանակով փաստացի բնակության վերաբերյալ կեղծ փաստաթուղթ է ձեռք բերել նաև մեկ այլ անձի՝ Ռուսաստանի քաղաքացոu համար, որը փոխանցել է վերջինիս՝ առանց տեղեկացնելու, որ այն կեղծ է։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 35-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնատար անձ հանդիսացող՝ Նոր Գեղի գյուղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա մասով քրեական գործն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: