ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԵՍՏ ՈՒ ԱՆՀԱՄԵՍՏ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ ակնկալվում էր, ԱԺ այս ընտրություններին մասնակից թեկնածուներից ամենահարուստը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, որը եւ գլխավորում է իրենց կուսակցության ցուցակը: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ԿԸՀ թեկնածուների ներկայացրած հայտարարագրերից: Փոխարենը, բավական համեստ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը:

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Փաշինյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության Հունդայի մակնիշի ավտոմեքենա, դրամական միջոցներն էլ կազմում են 1800 դոլար: Նրա եկամուտը կազմել է մոտ 10 մլն դրամ` պատգամավորի եւ վարչապետի աշխատավարձերից եւ իր գրքի հրատարակությունից ստացված գումարներից: Նա հայտարարագրել է երկու բնակարան եւ Կիա մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմում են 7 մլն դրամից ավելի, իսկ եկամուտն էլ գոյացել է աշխատավարձերից, գույքը օտարելուց եւ փոխառությունից: Նա 13 մլն դրամից ավել գումար է ստացել գույքի օտարումից: Ցուցակի երրորդ համար Լենա Նազարյանը հայտարարագրել է 500 հազար դրամ, մեկ բնակելի տուն, հողամաս եւ բնակարան: Եկամտի միակ աղբյուրն էլ աշխատավարձն է եղել:
Ըստ այդ հայտարարագրի` Գագիկ Ծառուկյանն ունի 13 միավոր ավտոմեքենա, 5 շենք-շինություն, 6 հողամաս, 2 հողամաս էլ տնօրինում է վարձակալական հիմունքներով: Սակայն սա ամենը չէ. նա հայտարարագրել է 22 միավոր թանկարժեք գույք: Սրանք այն գույքերն են, որոնց արժեքը գերազանցում է 8 մլն դրամը: Օրինակ, միայն մետաքսե վարագույրների արժեքը 251 հազար 799 եվրո է: Թանկարժեք գույքի մեջ են մտնում նաեւ ոսկյա զարդերը, օրինակ` ունի 3 մլն դոլար արժողությամբ ադամանդե քարերով մատանի: Ըստ հայտարարագրի էլ` նրա եկամուտները կազմում են 4 մլրդ 208 մլն դրամ, 333 դոլար եւ 1 մլն 800 հազար 166 եվրո:
Կուսակցության երկրորդ համարը Միքայել Մելքումյանն է, ով իր հայտարարագրում նշել է երեք անշարժ գույք, որից երկուսը համատեղ սեփականության են: Նրա դրամական միջոցները կազմել են 4 մլն դրամ եւ 362 հազար դոլար, իսկ նա եկամուտ է ստանում աշխատավարձերից, վարձակալության դիմաց գումարներից, փոխառություններից ստացված տոկոսներից: Օրինակ, «Անետ» ՍՊԸ-ի կողմից նա 1 մլն դրամից ավել գումար է ստանում վարձակալության դիմաց, իսկ Տնտեսագիտական համալսարանում նրա աշխատավարձի հանրագումարը 10 մլն դրամից ավել է: Ցուցակի երրորդ համարը Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանն է: Նա հայտարարագրել է միայն իր եկամուտն ու դրամական միջոցները: Ըստ այդմ, պատգամավորի թեկնածուն ունի 120 մլն դրամ, 150 հազար դոլար եւ 130 հազար եվրո, իսկ եկամուտն էլ գոյանում է աշխատավարձերից` «Մուլտի Գրուպ» կոնցեռնից եւ նախարար եղած ժամանակից:
Նախկին իշխող կուսակցության` ՀՀԿ ներկայացուցիչները բավական հարուստ են: Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Նա հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 2 բնակարան Կենտրոնում եւ 2 ավտոտնակ: Նա նաեւ հայտարարագրել է 2017թ. արտադրության Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա: Իսկ որպես եկամուտ` Վիգեն Սարգսյանը հայտարարագրել է մոտ 9 մլն 425 հազար դրամ եւ 85.000 դոլար եւ վերջինը նա որպես նվիրատվություն է ստացել: ՀՀԿ ցուցակի երկրորդ համարն Արփինե Հովհաննիսյանն է, ում դրամական միջոցները կազմում են 2 մլն դրամ, իսկ եկամուտներն էլ գոյանում են աշխատավարձերից` 9 մլն դրամից ավել որպես պատգամավոր, եւ 1 մլն դրամից ավել որպես դասախոս: Ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը որեւէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Որպես դրամական միջոց նա հայտարարագրել է 2800 դոլար եւ 1600 եվրո, իսկ որպես եկամուտ էլ 2 մլն դրամ միջազգային կազմակերպությունից:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարագրել է մեկ բնակարան Վանաձոր քաղաքում եւ 2012 թվականի արտադրության Toyota Camry մակնիշի ավտոմեքենա: Նա ունի 2 մլն 509 հազար դրամ, 1331 դոլար եւ 440 եվրո: Ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը հայտարարագրել է մեկ բնակարան, 500 հազար դրամ եւ 200 դոլար: Իսկ եկամուտն էլ գոյացել է բացառապես աշխատավարձերից` որպես պատգամավոր եւ նախարար: Ցուցակի երրորդ համար, 1in.am լրատվական կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանը հայտարարագրել է մեկ առանձնատուն, մեկ հողամաս, Տոյոտա մակնիշի երկու ավտոմեքենա` 2010 եւ 2014 թվականի արտադրության: Դրամական միջոցները կազմում են 1 մլն դրամ, իսկ եկամուտն էլ գոյանում է աշխատավարձից:
«Մենք» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակելի տուն Արարատ գյուղում եւ տնամերձ հողամաս: Նա հայտարարագրել է նաեւ 2 ավտոմեքենա՝ Mercedes Benz G350 եւ Hyundai Tuscani 2.0: Նրա եկամուտները կազմում են 113 մլն 520 հազար դրամ, որից 108 մլն դրամը «Գալիք» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինն է, իսկ մնացածը՝ պատգամավորական աշխատավարձը: Իսկ նրա դրամական միջոցները կազմում են 30 մլն դրամ, 30 հազար դոլար եւ 10 հազար եվրո: Արամ Սարգսյանը հայտարարագրել է նաեւ 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք իրեր: Մասնավորապես նա ունի CARTIER ապրանքանիշի ժամացույց, որի արժեքը տատանվում է 25-35 հազար դոլարի միջակայքում եւ գրիչների հավաքածու՝ 100-150 հազար դոլար: Ցուցակի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանը, որ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, լուրջ հարստության տեր է. նա հայտարարագրել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, ունի 52 մլն դրամ, 50 հազար դոլար եւ ըստ հայտարարագրի` հանդիսանում է երեք ընկերությունների 100 տոկոս բաժնետեր:
ՕԵԿ ցուցակը գլխավորող ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն ունի 30 մլն դրամ, 5000 դոլար, ինչպես նաեւ մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ: Ցուցակի երկրորդ համար Մհեր Շահգելդյանը հայտարարագրել է բնակարան եւ ավտոմեքենա: Դրամական միջոցներ չի հայտարարագրել: Հեղինե Բիշարյանն էլ հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ ավտոմեքենա եւ եկամուտ աշխատավարձից, սակայն դրամական միջոցներ կրկին չի ներկայացրել:
Իսկապես ուշագրավ պատկեր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՈՎ ՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆ Է
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում, որտեղ հիմնական պայքարը ընթանալու է «Իմ քայլը» դաշինքի ու ԲՀԿ-ի միջեւ: «Իմ քայլը» դաշինքի կողմից 14 թեկնածու է առաջադրված մարզում, որոնք այս ընթացքում աջակիցներ են գտել: Օրինակ` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը սատարում է Նարեկ Մկրտչյանին, ով դասախոս է. նրանց ընտանիքին է պատկանում մարզում գտնվող «Լիաննա» հանդիսությունների սրահը: Մարզում առավել հայտնի է նրա հորեղբայրը, ում միջոցով էլ ձայներ են ապահովում Մկրտչյանի համար: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, սակայն, պաշտպանում է մեկ այլ թեկնածուի` Սիրաք Սարգսյանին: Առաջադրված թեկնածուներից է Առաքել Միրզոյանը, փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Մնացական Առաքելյանը, ում, ի դեպ, ըստ տարածված լուրերի, պաշտպանում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Արմավիրի մարզում ուժեղ են նաեւ ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները, եւ Գագիկ Ծառուկյանի Արմավիր այցն ու իրավիճակը դա ապացուցեց: Այս ընտրատարածքով առաջադրված են Արայիկ Աղաբաբյանը, Հակոբ Հակոբյանը, նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Սակայն ձայների մեծ մասն այս կուսակցությունը ստանալու է ՀՀԿ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու` Քաջիկի շնորհիվ: Արմավիրում հանրահավաքի բազմամարդության եւ ակտիվության մեջ եւս մեծ դերակատարում ուներ Նահապետ Գեւորգյանը, ով նաեւ անձամբ է ներկա եղել: Եվ որքան էլ հետհեղափոխական իրավիճակ է, սակայն Արմավիրի համայնքների ղեկավարները Նահապետ Գեւորգյանին խոստացել են աշխատել հենց իր որդու օգտին: Եվ եթե հաշվի առնենք, որ թեկնածուներ ունեն նաեւ ներկայիս մարզպետն ու Արմավիրի քաղաքապետը, ապա իրավմամբ այս մարզում թեժ պայքար է:

 

 

ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է` ՀՀԿ համակիրներին ահաբեկում են եւ ստիպում լքել երկիրը, չմասնակցել ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանից պարզել` կոնկրետ ովքե՞ր են ահաբեկել մարդկանց, եւ պատգամավորի թեկնածուները ի՞նչ փաստեր ու ապացույցներ ունեն:
-Կոնկրետ փաստեր կա՞ն, որ ահաբեկումներ են եղել:
-Իհարկե, կոնկրետ փաստեր կան, բայց մենք անուններ չենք տալու: Մարդկանց վրա առանց այդ էլ ապօրինի ճնշում են գործադրում: Չենք ասում, որ նրանց ավելի մեծ ճնշման չենթարկենք:
-Փաստեր կհրապարակվե՞ն գոնե ընտրություններից հետո:
-Կախված է նրանից, թե ինչ մթնոլորտ կլինի ընտրություններից հետո: Եթե այսպես շարունակվի, չեմ կարծում, որ կհրապարակենք:
-Կասե՞ք` ինչպե՞ս են ահաբեկում: Ասում են` մի՛ գնացեք ընտրությա՞ն: Որ գնան, ի՞նչ կլինի:
-Տիկին Հովհաննիսյանը մանրամասն գրել է այդ մասին. այնտեղ ամեն բան ասված է:

 

 

ՆՈՐ ՁԵՎՈՎ
Ապարանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մենք աշխատավարձը ոչ թե հին ձեւով ենք բարձրացնում, այլ նոր ձեւով: Մենք փորձում ենք խրախուսել, որ քաղաքացին այդ գումարը իր աշխատանքի արդյունքում վաստակի, ոչ թե ասի` վարչապետը տվեց, օլիգարխը տվեց, մեծահարուստը տվեց, մենք չենք ուզում, որ մեր քաղաքացին ծուռ վզով նայի մեծահարուստներին, մենք ուզում ենք, որ մեր քաղաքացին աշխատի, ինքը հարստանա ու հարստացնի»: Ըստ նրա` աշխատավարձը բարձրացնում են, երբ անհատ տաքսու վարորդին ազատում են արտոնագրային վճարից: Նա հիշեցրել է, որ 85.000 մարդու նպաստ ու թոշակ 2019թ. հունվարի 1-ից բարձրացվելու է. «Ամոթ ա, որ մեր երկրում սովահար մարդ լինի: Մենք ասում ենք, որ մտակա 5 տարում ծայրահեղ աղքատությունը պետք է դուրս գա մեր միջից»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 

 

ԱՄԲՈՂՋԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
«Երեւան քաղաքում, երբ որ կաթսայատները, իմ մոտեցումն էր եղել կառավարությանը, Տարոն Մարգարյանին, որ այդ կաթսայատներից ամեն թաղամասին տրամադրեք մեկ հատ: Մենք սպորտ-դպրոցների կարիք ունենք: Սպորտ-դպրոցները սեփականաշնորհել են, տներ են կառուցել, որ ես դա վերցնեմ, որ դպրոցներ կառուցեմ, որովհետեւ այդ ոլորտի պատասխանատուն ես եմ: Եվ այդ 350 կաթսայատներից որեւէ մեկը չտվեցին: Ես չեմ ասում՝ անձնական տվե՛ք, թող տային Սպորտի նախարարությանը, Օլիմպիական կոմիտեին, որ կարողանայի իմանայի գործ եմ արել: Կամ Մարտունի, որ ես ուզենայի գործ անեի, կարայի՞, ամբողջը հանրապետական է եղել: Քաղաքապետն ինձ բարեւեր՝ կհեռացնեին»,- Մարտունի քաղաքում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով իր այն հայտարարությունը, թե նախկինում վերեւներն իրեն թույլ չեն տվել աշխատել: Հարցին, թե վերեւները ովքե՞ր են, նա պատասխանել է. «Սարգսյանը կլինի, քաղաքապետն ու մարզպետ կլինեն»: Լրագրողը հիշեցրեց, որ հենց այդ ժամանակ ՀՀ վարչապետն էր իր խնամի Հովիկ Աբրահամյանը. «Խնամիս ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից էր, իսկ կուսակցականությունը պետք չէր խառնել բարեկամության հետ»:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ
ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, որ հաջորդ հանդիպումը կլինի դեկտեմբերի 6-ին, սակայն, հաշվի առնելով մասնավորապես հայկական կողմի խնդրանքը, որը հղում էր արել նախընտրական արշավին, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշում կայացվեց ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել: Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ պետք է որոշվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը, սակայն, հերքել է Ուշակովի հայտարարությունները. «Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ-ի դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով»:




Լրահոս