ԻՆՉՈ՞Ւ ԹՐԱՄՓԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ-շաբաթ օրերին Արգենտինայում անցկացվեց Մեծ քսանյակի առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում էին բոլոր այդ պետությունների առաջնորդները։ Գագաթնաժողովը խոստանում էր հետաքրքիր լինել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս իրադրությունը եւ նկատի ունենալով Արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների բնույթը։ Այդ համատեքստում կրկին առաջին պլան մղվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը վերջին պահին հրաժարվեց հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի շրջանակներում։

Ակնկալվում էր, որ Մեծ 20-յակի գագաթնաժողովն ինքնին ինտրիգային էր լինելու, քանի որ աշխարհի խոշոր դերակատարներն ինքնին բազմաթիվ հարցեր ունեին, որոնց շուրջ թեժ քննարկումներ պիտի անցկացվեին։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռեց նոր բենզին ավելացնել արդեն իսկ բորբոքված կրակին՝ վերջին պահին հրաժարվելով հանդիպել Պուտինի հետ` ծրագրված բանակցությունները չեղարկելով։ Ինչպես արդեն ավանդույթ է դարձել Թրամփի համար, միջազգային դիվանագիտական հարցերի մասին այս անգամ նույնպես նա հայտնել է թվիթերյան գրառման միջոցով։ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը չի վերադարձրել ուկրաինացի նավաստիներին ու ուկրաինական նավերը, ինչն էլ պատճառ է հանդիսացել բանակցության չեղարկման համար։ Թրամփը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել լուրջ ու արդյունավետ բանակցություններ անցկացնել, եթե նշյալ խնդիրը լուծվի։ Թեպետ հայտարարվեց, որ նախագահ Թրամփը հանդիպումը չեղարկելու որոշումը կայացրել է ինքնաթիռով թռչելու ժամանակ եւ այդ մասին համապատասխան քննարկումներ է անցկացրել պետքարտուղար Փոմփեոյի, աշխատակազմի ղեկավար Քելլիի ու անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի հետ, սակայն ակնհայտ է, որ նման որոշումները հազիվ թե վերջին վայրկյանին ընդունվեին։
Թրամփն իր այդ որոշումը պայմանավորում է հենց այդ քննարկումներով՝ ակնարկելով, որ այդ հարցում անսացել է խորհրդականներին։ Սակայն Թրամփի խառնվածքը հակառակի մասին է խոսում, ըստ որում՝ նախագահը, ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու հստակ նպատակներ ունենալով, հազիվ թե վերջին պահին լսեր իր ենթականերին ու նման շրջադարձային հայտարարություն աներ։ Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառումը հայտնվել է համացանցում 2 ժամ հետո այն բանից, երբ ՌԴ կառավարող շրջանակները հաստատել էին, որ Թրամփ-Պուտին բանակցությունները շարունակում են ծրագրված մնալ։ Այսինքն՝ ենթադրելի է, որ ամերիկյան կողմը անակնկալի է բերել ռուսական շրջանակներին ու փաստի առաջ կանգնեցրել։ ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց, որ ռուսական կառավարությանն այդ մասին կանխավ տեղյակ է պահվել, բայց ավելի հավանական է, որ լրատվամիջոցները, այդուհանդերձ, առաջինն են իմացել նորությունը։
Ամերիկյան վերլուծաբանների մի մեծ բանակ սկսել է գովաբանել նախագահ Թրամփի որոշումը։ Շեշտվում է, որ Թրամփը, ի հեճուկս շատերի ցանկության, փորձում էր ամեն կերպ լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ արհամարհելով ամերիկյան ընտրություններում ռուսական միջամտության, սիրիական հակամարտության հարցում կողմերի հակադրության եւ այլ փաստերը։ Սակայն ուկրաինական նավատորմի հետ կապված միջադեպը ստիպեց Թրամփին հաշվի նստել իրականության հետ։ Այս տեսակետի կողմնակիցները միաժամանակ հայտնում են իրենց զարմանքը, որ Թրամփը կարողացել է փաստի առաջ կանգնեցնել Պուտինին եւ հրապարակային մակարդակում վնասել վերջինիս իմիջին։ Սակայն կա նաեւ երկրորդ ուղղության կարծիքը, ըստ որի՝ Թրամփը պարզապես այլընտրանք չի ունեցել, քան չեղարկելու բանակցությունները։ Եվ այդ անայլընտրանք իրավիճակը պատճառաբանվում է հատուկ դատախազ Մյուլերի հետաքննության ինտենսիվացմամբ։ Խնդիրն այն է, որ Թրամփի նախկին փաստաբաններից Մայք Քոհենը, որն արդեն համագործակցում է հատուկ դատախազի հետ, հայտարարել է, որ ստել է ԱՄՆ Կոնգրեսի սենատական հանձնաժողովի առաջ տված ցուցմունքներում, երբ ներկայացրել էր Թրամփի տնտեսական պրոյեկտները Ռուսաստանում։ Պարզվում է, որ Քոհենը ռուսական շրջանակների հետ 2016թ. նախընտրական քարոզարշավի շրջանում բանակցություններ է վարել այնտեղ բիզնես հիմնադրելու հարցերով։ Ավելին՝ նա հայտնել է, որ առնվազն երեք անգամ Թրամփի ու նրա ընտանիքի հետ քննարկել է պրոյեկտներն ու տեղեկացրել ընթացող բանակցությունների մասին։ Այդ ամենը նա ինքնախոստովանական ցուցմունքի տեսքով ներկայացրել է նախօրեին դատարանում։
Այս համատեքստում էլ բնական է, որ որոշ պարբերականներ ռուսական հետքի շուրջ հետաքննությունն են մատնանշում՝ Թրամփ-Պուտին բանակցությունների հանկարծակի չեղարկման համար։ Որպես օրինակ նշվում է, որ Թրամփն իր այդ հայտարարությունից մեկ ժամ առաջ էր լրագրողների հետ զրույցում հույս հայտնում, թե Պուտինի հետ արդյունավետ քննարկում է սպասվում։ Ուստի մի շարք վերլուծաբաններ հակված են պնդելու, որ Թրամփը անհանգստացել է նոր բացահայտվող հանգամանքներից եւ փորձել է խուսափել Պուտինի ու իր հարաբերությունների հարցում նոր շահարկումներ թույլ տալուց։ Թեպետ Թրամփը հրապարակավ մեղադրել է Քոհենին՝ նրան անվանելով ստախոս, ենթադրելի է, որ փաստաբանի խոսքերը մերկապարանոց չեն եւ կարող են նախագահի համար նոր խնդիրներ առաջացնել։ Սակայն ներկայումս դրանք կարծես ընդամենը հասցնում են անդրադառնալ ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականության վրա եւ ուղղակիորեն ազդել համաշխարհային գործընթացների տրամաբանության վրա։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՕՖՇՈՐԱՅԻՆ ԿՂԶԻՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը:

Պաշտոնապես, Հայաստանում ուղղակի ներդրումները ավելացել են. եթե 2017 թվականի հունվար-սեպտեմբերին ուղղակի ներդրումները կազմել էին 57 մլրդ 84 մլն դրամի չափ, ապա 2018 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը փոքր-ինչ ավելացել է` կազմելով 59 մլրդ 848 մլն դրամ: Այսինքն` մոտ ավելի քան 2 մլրդ 764 մլն դրամով ավելացել են ներդրումների ծավալները: Բայց մյուս կողմից` նկատենք, որ ներդրումները հիմնականում նվազել են Ջերսիի կղզիներից` օֆշորային գոտուց: Ինչպես հայտնի է, այնտեղից ներդրումներ են կատարվել Հայաստանի հարավում գտնվող Ամուլսարի հանքավայրում: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախատեսում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի` օֆշորային է, որը 2006 թվականին գրանցվել է Ջերսիում` Չաննել կղզիում: Նկատենք, որ Ջերսիից այս տարվա հունվար-սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել են ուղղակի ներդրումների ծավալները` ավելի քան 38 մլրդ 259 մլն դրամով:
Այսպես, ըստ ՎԿ-ի` եթե 2017 թվականի հունվար-սեպտեմբերին օֆշորային այս կղզուց եկած ուղղակի ներդրումները կազմել են 58 մլրդ 899 մլն 800 հազար դրամ, իսկ ահա այս տարվա նույն ժամանակահատվածում` 20 մլրդ 640 մլն դրամ: Տեղեկացնենք, որ օֆշորները` ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական, հարկերը շրջանցելու տարբերակ են: Օֆշորային գոտում գտնվող կեղծ ընկերություն կարելի է տանել կապիտալ, որտեղից «ներդրում» կատարել այստեղ, իսկ եկամուտը վերադարձնել օֆշորային գոտի: Այդպիսով կարելի է շրջանցել եկամտահարկը, որը Հայաստանում 20 տոկոս է կազմում, իսկ օֆշորներում` 1-2 տոկոս կամ ընդհանրապես 0 տոկոս (բնականաբար, դա չի նշանակում, որ այդպես են վարվում օֆշորային երկրներից կամ գոտիներից բոլոր ներդրողները):
Թեկուզ փոքր չափի, բայց Ռուսաստանից եւս ավելացել են ուղղակի ներդրումների ծավալները: Պաշտոնական վիճակագրությամբ` 2018-ի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստան մտել է 11 մլրդ 718 մլն 200 հազար դրամի չափով ներդրումներ: Ի դեպ, բացի այս` ավելացել են նաեւ Գերմանիայից Հայաստան մտնող ուղղակի ներդրումների ծավալները` ավելի քան 3.6 մլրդ դրամի չափով:
Միայն այս տարվա ընթացքում Գերմանիայից Հայաստան մտել է 14 մլրդ 359 մլն դրամի ներդրումներ` անցած տարվա 10 մլրդ 749 մլն դրամի դիմաց: Նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններից վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստան եկած ներդրումների ծավալներն են ավելացել. եթե 2017 թվականի հունվար-սեպտեմբերին դրանք կազմել էին 362 մլն 200 հազար դրամ, ապա այս տարվա նշված ժամանակահատվածում այն եղել է 779 մլն 400 հազար դրամ: Թեեւ պաշտոնապես փոքր-ինչ ավելացել են ներդրումների ծավալները, բայց սա այն բավարար չափը չէ, որ կարող էր Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն ունենար: Հուսանք՝ այս պատկերը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո դրական առումով կփոփոխվի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԿՈՄ
Նոյեմբերյանի զինկոմիսարիատն այլեւս գյություն չունի: Տավուշի մարզի բոլոր 4 տարածաշրջաններում վերացվել են տարածքի զինկոմիսարիատները, դրանց փոխարեն ստեղծվել են բաժանմունքներ: Ստեղծվել է Տավուշի մարզային զինկոմիսարիատ, որի զինվորական կոմիսար է նշանակվել նախկինում Նոյեմբերյանի զինկոմ, գնդապետ Կամո Հարությունյանը: Մարզի տարածաշրջաններում զինկոմիսարիատների լուծարումից հետո այնտեղ աշխատող զինվորական սպաներին առաջարկել են ծառայությունը շարունակել տարածքներում տեղակայված պաշտպանության նախարարության զորամասերում: Իսկ բաժանմունքներում հիմնականում մնացել են քաղաքացիական ծառայող հանդիսացող կանայք: Նրանց աշխատանքի ընդունելու հրամանները դեռ չեն տրվել, սակայն տեղեկություններ կան, որ նրանց աշխատավարձերի չափը զգալիորեն քիչ է լինելու, քան նախկինում այդտեղ աշխատած զինվորական սպաներինը: Դեռ նշանակված չէ Նոյեմբերյանի բաժանմունքի պետը, առայժմ այդ պաշտոնը թափուր է: Կադրային զինվորականները զարմացած են, թե ինչպես կարելի է Նոյեմբերյանում եւ Բերդում զինկոմիսարիատները վերացնել, այդ տարածքները Ադրբեջանի հետ երկար սահման ունեն, զինկոմիսարիատները մեծ դեր են կատարում հարկ եղած դեպքում զինվորական ուժերն արագ մոբիլիզացնելու, զորահավաք կազմակերպելու գործում: Բացի այդ, Նոյեմբերյանի տարածաշրջանը Հայաստանում միակ տարածքն է, որը սահմանակցում է Ադրբեջանին եւ Վրաստանին, ուր Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական մեծաթիվ բնակչություն է ապրում:

 

 

ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Երեւանում գործող պլաստիկ շշերի, դրանց նախապատրաստվածքների արտադրությամբ զբաղվող «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 2018թ. մայիսի 25-ին ընդդեմ «Դիլիջան հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումի մեջ թերությունների պատճառով դատավոր Արման Օհանյանն այն վերադարձրել է: 2018թ. հունիսի 18-ին «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան, որից հետո վարույթ է ընդունվել: Որպես հայցի ապահովման միջոց` հանքային ջրերի գործարանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, նոյեմբերի 1-ին դրամական միջոցների վրա դրված արգելանքը դատարանը վերացրել է: Սույն քաղաքացիական հայցով վճիռ կամ որոշում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը կհրապարակի դեկտեմբերի 12-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս