ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ծաղկաձոր քաղաքի բնակչուհու բնակարանից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչը՝ ծնված 1996թ., Երևան քաղաքի՝ 1989թ. ծնված բնակչի հետ նախնական համաձայնության գալով Ծաղկաձոր քաղաքի բնակչուհու բնակարանից գողություն կատարելու վերաբերյալ, 2018թ. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան և առերևույթ հափշտակել տարբեր իրեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Մասնավորապես, ըստ նախապես կատարված դերաբաշխման՝ 2018 թվականի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Հրազդան քաղաքի 22-ամյա բնակիչը, սեղմելու միջոցով բացելով ննջասենյակի մետաղապլաստե պատուհանը, ապօրինի մուտք է գործել Ծաղկաձոր քաղաքի բնակչուհու բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, կենցաղային իրեր, «Այֆոն իքս» մոդելի բջջային հեռախոս, կանացի «Բալմայն» ֆիրմայի շվեյցարական ժամացույց: Այդ ընթացքում Երևանի 29-ամյա բնակիչը 22-ամյա երիտասարդի հետ գտնվել է հեռախոսակապի մեջ՝ հսկելով տարածքը, որպեսզի վտանգի դեպքում զգուշացնի վերջինիս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հրազդանի 22-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով, իսկ Երևանի 29-ամյա բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով։
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: