ՀԱՐՑ. Ես օգտվում եմ սոցիալական փաթեթի ծառայություններից: Այժմ ցանկանում եմ փոխել սոցփաթեթի իմ հաշիվը եւ խնդրում եմ ասել` ինչպե՞ս կարելի է փոխել այն: Ո՞ւր կարող եմ դիմել:
Ալվինա Պետրոսյան (32 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Պետրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվը սպասարկող բանկից տեղեկանք պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
Նշենք, որ սոցիալական փաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք: Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով, եթե աշխատողն ունի կենսաթոշակ ստանալու իրավունք: Նշենք նաեւ, որ աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: