Արթուր Բաղդասարյանի հեռանալն անակնկալ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության արտահերթ համագումարը, որտեղ էլ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին: Ավելին` փոխվեց ՕԵԿ-ի ղեկավար կազմը: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է ՕԵԿ նորընտիր նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, շատ է խոսվում կուսակցություններում սերնդափոխության անհրաժեշտության մասին: «Օրինաց երկիր» կուսակցությունում իսկապես հասունացե՞լ էր այդ պահը:

-Մեր արտահերթ համագումարի օրակարգային հարցերում շատ անակնկալ էր պարոն Բաղդասարյանի հայտարարությունը, որովհետեւ նա 20 տարուց ավել եղել է Հայաստանի քաղաքական, պետական այն այրերից մեկը, որը մեծ ներդրում է ունեցել մեր երկրում օրենքների, կատարված բարեփումների առումով: Արթուր Բաղդասարյանը իր հայտարարությունը կառուցել էր վերջին մի քանի ընտրություններում իր ղեկավարած կուսակցության ստացած ձայների հիման վրա:

Սա նրա կողմից ընկալվել է որպես ժողովրդի կողմից չհասկացվածության խնդիր, եւ դրա համար էլ հայտարարեց քաղաքականությունից առժամանակ հեռանալու մասին:

Պարբերաբար մենք ունեցել ենք նմանատիպ քննարկումներ, թիմը համալրվել է նոր կադրերով, որոնք ինչ-ինչ ղեկավար մարմիններում ստանձնել են պաշտոններ: Այսինքն` որ ասենք փոփոխությունը կտրուկ եղավ, այդքան էլ այդպես չէ:

-Խոսեցիք չհասկացված լինելու մասին: Այսինքն` չհասկացված լինելը պայմանավորված է անձո՞վ: ՕԵԿ-ը հասկացվա՞ծ է:

-Բնականաբար, կուսակցությունը նախ եւ առաջ մարդիկ են: Եվ այս պարագայում խոսքը վերաբերում է 2008 թվականի Արթուր Բաղդասարյանի եւ, բնականաբար, ՕԵԿ-ի կողմից կոալիցիայի մաս կազմելուն: Դա միակ բանն է, որը Արթուր Բաղդասարյանի անվան հետ բացասական իմաստով է կապվում: Չհասկացվածությունը հենց այս իմաստով եմ ասում, որ ժողովուրդը, փաստորեն, իր ձեւով ընկալեց կոալիցիա կազմելը:

Պարոն Բաղդասարյանը քարոզարշավի շրջանում այդ մասին խոսեց, ասաց` կան շրջանակներ, որոնք ճիշտ են ընկալել, կան շրջանականեր, որոնք սխալ են ընկալել: Նա նույիսկ ներողություն խնդրեց: Նշենք` ներողություն խնդրում են ուժեղներն ու իմաստունները: Պարոն Բաղդասարյանը, հասկանալով, որ ժողովուրդը քվեարկեց այնքան, ինչքան ստացավ կուսակցությունը, ընդունեց իր որոշումը, որը մեր կողմից հարգանքի արժանացավ: Կարծում եմ` քաղաքական դաշտում դա իր բովանդակությամբ նոր քայլ էր:

-Դուք խոսեցիք կոալիցիայի մասին: Այսինքն` ՕԵԿ-ը ակնկալված ձայները չստացավ միայն այն պատճառով, որ 2008-ին կոլացիա՞ էր կազմել ՀՀԿ-ի հետ:

-Ոչ: Նման քիչ ձայներ ստացել է ոչ միայն ՕԵԿ-ը, այլեւ մի շարք կուսակցություններ: Խնդիրը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր հեղափոխությունից հետո բավականին երկար ժամանակահատված, որը իրականացրել է այդ հեղափոխությունը, բնականաբար, նա ժողովրդի էմոցիոնալ հոգեվիճակում պետք է ստանար առավելագույն ձայներ: Այս ընտրությունները իրենց բովանդակությամբ քաղաքական չէին:

-Այդ դեպքում անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը ինչո՞ւ չհայտնվեց ԱԺ-ում:

-Կարծում եմ, որ դուք լավ հիշում եք նախորդ ընտրություններում բնակչության թվի տվյալները: Նախորդ վարչակարգի կողմից ուռճացված ընտրացուցակները, որի արդյունքում ՕԵԿ-ի ձայները ոչ թե դարձավ մոտավորապես 6-7 տոկոս, այլ դարձավ 4 ու քանի տոկոս: Փողաբաժանության, վարչական ադմինիստրատիվ բազմաթիվ կեղտոտ հնարքների կիրառում տեղի ունեցավ անցած ընտրություններին, եւ դրա արդյունքում ՕԵԿ-ը չանցավ խորհրդարան:

-ՕԵԿ-ը ասոցացվում է Մհեր Շահգելդյանի, Հեղինե Բիշարյանի, Արթուր Բաղդասարյանի հետ: Մտավախություն չկա՞, որ ՕԵԿ-ի նոր սերունդը այնքան էլ չի ընկալվի:

-20 տարին քիչ ժամանակատված չի այն առումով, որ Ձեր մատնանշած ղեկավար նախկին կազմը ունեցել է իր անունը, հեղինակությունը, համբավը մեր պատմության անցած էջերում եւ դրվագներում: Իհարկե, որոշակի դժվարություններ այդ իմաստով կան: Բայց դա չի նշանակում, որ մենք ձեռքերը ծալած նստելու ենք: Մեքն հանրությանը ներկայանելու ենք` առանցքում ունենալով գաղափարախոսության այն որոշակի շեշտադրումները, որոնք եղել են ՕԵԿ-ում:

-Ամբողջ քարոզարշավի ժամանակ Արթուր Բաղդասարյանը ասում էր, որ կանգնած է հեղափոխության կողքին: Ճիշտ է, ուրախ է, որ քաղաքական դաշտում մեծ մասամբ երիտասարդներ են, սակայն կարծում է, որ մեր իշխանություններին պետք են նաեւ ճանապարհ անցած քաղաքական գործիչներ, եւ մատնանշում է ինքն իրեն: Այսքանից հետո ինչո՞ւ հեռացավ:

-Մեր սերունդը եւ այսօրվա սերունդը իրոք տարբերվում են իրարից: Նոր սերունդը շատ բաներով է առաջ հնից, բայց պարոն Բաղդասասրյանը երբեք մատնացույց չի արել ինքն իրեն, այլ միշտ ասել է, որ դուխը պետք է համադրվի խելքով:

Նոր մարդիկ, որոնք չունեն փորձ, բնականաբար, պետք են մարդիկ, որոնք նրանց կողքին կլինեն: Պարոն Բաղդասարյանը, բնականաբար, ուներ ակնկալիքներ ընտրութուններից: Քանի որ ժողովուրդը իր քվեն ոչ այն չափով տվեց, որը կտար այդ հնարավորությունը Արթուր Բաղդասարյանին երկրում իշխանության մաս կազմելու, երկրում իր ուժերը գործադրելու համար, դրա համար էլ այդպես եղավ: Բայց նա այսօր էլ կկարողանա այդ գործում իր մասնակցությունը ունենալ հանրային գործչի տեսքով:

Լուսինե Մինասյան




Լրահոս