ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախյան, քառօրյա պատերազմների հերոսների մասին երգը տարա TV-ներ, ինձնից գումար ուզեցին` հեռարձակելու համար. Գևորգ Սիրեկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը մի շարք ռոմանսների հեղինակ, ոչ վաղ անցյալում հայկական շոու-բիզնես մուտք գործած երգիչ Գեւորգ Սիրեկանյանն է: Մենք զրուցել ենք նրան հանդիպած դժվարությունների, ոգեշնչման աղբյուրների եւ շոուբիզնեսյան թոհուբոհի մասին:

-Գեւո՛րգ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երգիչ-երգչուհիների թիվը Հայաստանում բավական մեծ է, շուկան՝ փոքր, դժվար չէ՞ ոլորտում կայանալը, նոր խոսք ասելը:

-Շատ դժվար է, բայց քանի որ իմ երգերը ես եմ գրում, մաքսիմալ անկեղծ եմ հանդիսատեսիս հետ, վերջինս էլ գնահատում է դա: Փառք Աստծո, ունեմ իմ լսարանը, փորձում եմ ամեն անգամ մի նորություն մատուցել, որպեսզի գոհացնեմ յուրաքանչյուրին:

-Այնուամենայնիվ, շոու-բիզնեսում կա՞ն երեւույթներ, որոնց հետ դժվարությամբ եք հարմարվում:

-Ամեն բնագավառ իր դժվարություններն ունի: Մեր ասպարեզում դրանք առավել տեսանելի են: Իհարկե, ամեն քայլափոխի կան փակ դռներ, բայց դռները, որոնք հնարավոր է բացել, եւս քիչ չեն: Առհասարակ, խոչընդոտների հանդիպելով՝ պետք չէ հուսահատվել: Նորին միշտ էլ մի փոքր դժվարությամբ են ընդունում, իհարկե, ոչ բոլորը:

-Առանց հարուստ հայրիկի, խնամի-ծանոթ-բարեկամի հնարավո՞ր է հայկական շոու-բիզնեսում ուղի հարթել, թե՞ արդեն այդ ժամանակներն անցել են:

-Այսքան ժամանակ ամեն ինչի հասել եմ իմ ուժերով: Ի դեպ, շատերը կան, որոնք ցանկանում են ձեր ասած միջոցներով մուտք գործել երգարվեստ, բայց չի ստացվում: Աչքիս առաջ ունեմ բազում օրինակներ:

-Հայտնի երգիչ-երչուհիներից ու՞մ կատարումներն եք հավանում:

-Բոլորին էլ լսում եմ, ամեն մեկն իր յուրահատուկ ձեռագիրն ունի:

-Գեւո՛րգ, Ձեր գերդաստանում էլի երգողներ կա՞ն:

-Ոչ, բայց մայրս միշտ երազել է դաշնամուր ունենալու, երգարվեստով զբաղվելու մասին, եւ, փաստորեն, իր երազանքներն իրականացել են արդեն իմ միջոցով: Ինքս վաղ հասակից երգել եմ, ունեմ երաժշտական կրթություն, ծառայել եմ ՊՆ երգչախմբում:

-Ծառայության տարիներից ի՞նչ հիշողություններ ունեք:

-Ծառայությանս տարիները շատ լավ են անցել, միշտ հագեցած են եղել համերգներով: Ընկերներիս մեծամասնության հետ բանակում եմ ծանոթացել: Ի դեպ, երգարվեստում առաջին քայլերս հենց բանակային ընկերոջս հետ եմ արել. մինչեւ հիմա էլ նա է գործիքավորում իմ երգերը:

-Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում բարեխղճորեն, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին:

Դուք եւս երգում եք կոորպորատիվներում, պատկերացնու՞մ եք՝ ինչպես է իրականացվելու այդ պրոցեսը:

-Ոչ, մասնավորապես չեմ պատկերացնում, թե ինչպես է ոլորտը վերահսկվելու: Ամսվա կտրվածքով իմ մասնակցած տասը կոորպորատիվից հինգի շրջանակում ընկերական, բարեգործական սկզբունքերով եմ երգում` առանց գումար վերցնելու: Հիմա ինչպե՞ս են հաշվելու այդ ամենը: Կուզեի նաեւ նշել, որ շատ երգիչ-երգչուհիներ իրենց եկամտից հատկացումներ են անում բարեգործությունների համար, բայց շատ դեպքերում չեն բարձրաձայնում այդ մասին: Ու դա անում են առանց օրենքի, առանց պարտավորության:

-Մի փոքր էլ անձնականից խոսենք: Աղջիկ երկրպագուներին կհետաքրքրի՝ Ձեր սիրտն ազա՞տ է:

-Այո: Անկեղծ ասած՝ հիմա ամբողջ ուշադրությունս կենտրոնացրել եմ աշխատանքիս վրա: Կայացման տարիներ են: Իսկ անձնականս չեմ պլանավորում: Իմ կյանքում պատահականությունները մեծ դեր են խաղացել, անձնականս էլ եմ թողնում պատահականության հույսին:

-Շուտով Ամանոր է, ի՞նչ եք մաղթում մեր հայրենակիցներին:

-Ինձ համար Ամանորը փոքր տարիքից ասոցացվել է հեքիաթի եւ հրաշքի հետ: Մաղթում եմ, որ մեր հայրենակիցները գալիք տարում հնարավորինս զերծ մնան կենցաղային եւ ֆինանսական խնդիրներից: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր զինվորներին, թող ծառայությունը կարճ թվա, եւ նրանք ողջ-առողջ վերադառնան իրենց ընտանիքներ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս