Ոչ ոք դեռ չի կարողացել հերքել մաստակի օգտակարության փաստը:
Ավելին, այն գնալով էլ ավելի է դառնում մարդու համար շատ կարևոր: Չնայած նրան, որ մասնագետները պնդում և ապացուցում են մաստակի օգտակարության կողմերը, այդուհանդերձ նրանք նաև ավելացնում են՝ ասելով, որ ամեն լավ բան, եթե մարդն սկսի չարաշահել, այն ավելի շատ կվնասի, քան կօգնի:
Մաստակ. ծամե՞լ, թե՞ չծամել:
Այսօր շատ բժիշկ-դիետոլոգներ խորհուրդ են տալիս հաց ուտելուց հետո, անմիջապես ջուր չխմել. այն վնասակար է առողջությանը: Իսկ այն մարդիկ, ովքեր ունենում են ծարավի զգացում, խորհուրդ է տրվում օգտագործել մաստակ 10 րոպե ուտելուց հետո, և ծարավի զգացումը կորում է, սակայն չպետք է մոռանալ 10-15 րոպե հետո մաստակը դեն գցել:
Ինչի՞ն է օգտակար և՝ ինչպես:
Մաստակը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը և լավացնում է մարսողությունը: Այն կարող է օգտակար լինել նիհարեցնող դիետաների դեպքում, իհարկե, եթե օգտագործվի միայն սնվելուց հետո:
Մաստակը մաքրում է բերանի խոռոչը մանրէներից:
Նիդերլանդացի գիտնականները պարզել են, որ մաստակը կարող է մաքրել բերանի խոռոչը հիվանդածին մանրէներից: Մաստակի մեկ սալիկն ունակ է 100 միլիոն մանրէ բռնել: Փորձարկումների ժամանակ կամավորների բերանի խոռոչ սահմանափակ քանակությամբ մանրէներ են բաց թողել, որից հետո մարդկանց խնդրել են 10 րոպե մաստակ ծամել: Ծամոնի յուրաքանչյուր սալիկին մոտ հարյուր միլիոն մանրէ է բաժին հասել: Բռնված մանրէները տեսանելի են եղել սկանավորող էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ստացված պատկերների վրա: Նաև նշել են, որ օգտակար է միայն առանց շաքարի մաստակը, քանի որ քաղցր նյութերը մանրէների համար ամենասիրելի սնունդն է:
Արդյունավետ է առաջին 30 վայրկյանի ընթացքում օգտագործվող ծամոնը, դրանից հետո մանրէներն ավելի դժվարությամբ են բռնվում: Ավելին, անդադար ծամելու դեպքում միկրոօրգանիզմների մի մասը վերադառնում է նորից բերանի խոռոչ:
Նրանք նաև նշել են, որ մաստակը ոչ մի դեպքում չպետք է անցնի բերանից բերան, ինչպես սովորաբար անում են ծնողները: