Սյունիքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում տեղակայվել են շուրջօրյա հենակետեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք
տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն են իրականացնում 5 փրկարար, ովքեր ճանապարհներին
արգելափակված քաղաքացիներին արագ և արդյունավետ օգնություն կցուցաբերեն՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն:

Շուրջօրյա հենակետերը ծավալված են՝

 Սյունիքի մարզի Գորայք համայնքի տարածքում և Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի
17-րդ կիլոմետրում
 Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրում՝ Ալագյազ համայնքի
վարչական տարածքում
 Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ հանրապետական ավտոճանապարհի 27-րդ
կիլոմետրում
Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ,
որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով
ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման
վրաններ ծավալել նաև մյուս մարզերում:

Օպերատիվ իրավիճակի բարդացման դեպքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները
կհամագործակցեն ճանապարհաշինարարական, վերանորոգման և սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ՝ քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար:

Արագ ծավալվող, մետաղական և պնևմատիկ հենաձողերով, երկշերտ ծածկով վրանները հագեցած են
մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու
միջոցներով:

Վրանները ջրակայուն են և հագեցած են տուժածներին՝ տվյալ պարագայում ցրտահարության ախտանիշով
քաղաքացիներին, առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավորություններով: Այն հնարավոր է ծավալել 3-5 րոպեի ընթացքում: Վրաններում մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շուրջօրյա ծառայությունն իրականացնում են հերթափոխով, անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներին կմիանան նաև լրացուցիչ ուժեր:




Լրահոս