2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:
Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:
Ավանդույթի համաձայն, Ժողովուրդ օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել նրանց ապագան:
Արթուր Վանեցյան՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն (այծ)– Բարեկեցիկ կենցաղն ու խնջույքային տրամադրություններով ուղղորդվող տարին երկրորդ կեսից կտրուկ փոխվեց: Գլխապտույտ հաջողությունն ու համակարգային ուրախ դիմավորումները լրջագույն պատասխանատվությամբ օժտեցին ձեզ: Միակը լինելու բերկրանքն այնքան խորացավ, որ հաճախ սկսեցիք չգիտակցել այլոց առկայությունը կյանքում:
Շտապողականությունն ու ոգեւորությունը որոշ դեպքերում սկսեցին չընկալվել՝ դրդելով որոշումներ կայացնել՝ լռելու կամ քիչ խոսելու: Աստղերը խորհուրդ են տալիս շատ չհավատալ ավագ սերդնի ներկայացուցիչներին, որոնք ձեր միջոցով կփորձեն անձնական վրեժխնդրության հարցեր կարգավորել: Ձեր միակ դաշնակիցը պետք է լինի ՀՀ օրենքը: Աստղերը հուշում են զգուշություն ցուցաբերել նորագույն տեխնիկական միջոցներ օգտագործելիս: Հատկապես վտանգավոր են Iphone տեսակի հեռախոսները: