2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:
Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:
Ավանդույթի համաձայն, Ժողովուրդ օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել նրանց ապագան:
Սասուն Խաչատրյան՝ ՀՔԾ պետ (վիշապ)– Միապաղաղ շան տարին գլխիվայր շուռ եկավ ձեր համար: Այն, ինչ երազանք էր թվում, թափվեց ձեր գլխին: Բայց ավելի երջանիկ դառնալու համար հարկավոր է հրաժարվել շատ բաներից: 2019թ. ինքնուսուցման հրամայականներ է թելադրում եւ առաջիկա 12 ամիսների ընթացքում ստիպված կլինեք շատ աշխատել:
Ծայրահեղության մեջ մի ընկեք, խուսափեք իմպուլսիվ որոշումներից եւ գործողություններից, որոնք կարող են կյանքի հաջորդ փուլերի համար ճակատագրական հետեւանքներ ունենալ: Ավելի մեծ ուշադրություն դարձրեք աշխատանքին, ընտանեկան գործերին եւ պարտականություններին, այլ ոչ թե ժամանցին: Աստղերը հուշում են հատկապես հեռախոսով խոսելիս չափազանց զգուշավորություն ցուցաբերել եւ հատընտիր բառեր օգտագործել: