«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի ձեռքբերումները․ ամոփոփում ենք 2018 թվականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամփոփելով անցնող տարվա գործունեության արդյունքները` «Ժողովուրդ» օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում այն բազմաթիվ խնդիրներից մի քանիսը, որոնք մասնակի կամ ամբողջությամբ լուծվել են թերթի հրապարակումների արդյունքում: Ներկայացնում ենք մեր հրապարակման հետքերի արդյունքում լուծված խնդիրներից մի քանիսը:

«Ժողովուրդ» օրաթերթն իր ապրիլի 5-ի համարում գրել է, որ քաղաքացի Արտավազդ Անտոնյանը 2010թ. աշխատանքի վայրում դժբախտ պատահարի հետեւանքով վնասել էր իր ձեռքը. այն կտրվել ընկել էր: Արդյունքում ենթարկվել էր մի քանի վիրահատությունների: Դեպքը տեղի էր ունեցել աշխատավայրում` շինարարության հրապարակում: Քաղաքացին «Շինֆորում» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Գասպարյանի հետ կնքել էր պայմանագիր, ըստ որի` նա ամեն ամիս պետք է փոխհատուցում ստանար 40.000 դրամ: Որոշ ժամանակ հետո քաղաքացին կանգնել էր խնդրի առաջ. նա 4 ամիս շարունակ չէր կարողանում իր տնօրենից ստանալ որպես փոխհատուցում տրամադրվող գումարը` 40.000 դրամը: «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո «Շինֆորում» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Գասպարյանը զանգահարել է Արտավազդ Անտոնյանին եւ վճարել մի քանի ամսվա կուտակված գումարը:

«Ժողովուրդ» օրաթերթն իր մայիսի 17-ի համարում գրել էր, որ խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող կամ մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի տրամադրման գործընթացի վերաբերյալ: Նմանօրինակ դժգոհություն «Ժողովուրդ» օրաթերթը ստացել էր «Նոր Արեշ» պոլիկլինիկայից օգտվող մի քանի քաղաքացիներից: Մեզ դիմած կնոջ պատմելով` ինքը ապրիլ ամսվա ընթացքում ճնշման դեղեր չէր ստացել: Դժգոհած քաղաքացիների (հիմնականում 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամներ) պատմելով` իրենք «Նոր Արեշ» պոլիկլինիկայից չեն կարողանում անվճար տարբերակով ստանալ անհրաժեշտ ճնշման, ստամոքսի եւ երեւանյան հիվանդության համար դեղերը: Իսկ երբ գնում են պոլիկլինիկա, աշխատակիցներն անտարբեր փոխանցում են, թե «դեղ դեռ չկա»: Երեւանյան հիվանդությամբ տառապող քաղաքացին մայիս ամսին չէր ստացել նույնիսկ ապրիլ ամսվա իրեն հասանելիք դեղորայքը` կոլխիցին դեղը: «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո խմբագրություն դիմած քաղաքացուն տրամադրել էին անհրաժեշտ դեղորայքը, ապա հետաքրքրվել` ինքն է արդյոք լրագրողին ասել դեղ չստանալու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթն իր մայիսի 18-ի համարում գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն առանց հստակ հիմնավորումների կամայական վերաբերմունք է ցուցաբերում եւ հայտերը մերժում` պատճառաբանելով, թե մրցույթին ներկայացված փաստաթղթերում կամ գծիկն է ավել կամ այսինչ-այնինչ բառն է ավել կամ պակաս: 2018թ. փետրվարի 22-ին ՀՀ ՊՆ-ն իր կարիքների համար հայտարարել էր հանդերձանքի ձեռքբերման մրցույթ: ՊՆ-ն բառախաղի միջոցով մերժել էր «Գեւգրուպ» ընկերության հայտը: Նշենք, որ ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթի հրավերում հստակ գրված է եղել «հրատապ բաց մրցույթ» բառակապակցությունը: Սակայն հետագայում  մրցութային հանձնաժողովը որոշել է մերժել ընկերության հայտը առանց որեւէ մեկնաբանության: Արդյունքում կնքվել է պայմանագիր մեկ այլ ընկերության հետ: Ամենակարեւորը, այս ամենի արդյունքում ՊՆ-ն որոշել է հաղթող ճանաչել երրորդ տեղ զբաղեցրած մասնակցին` 28 մլն 615 հազար դրամ գնային տարբերությամբ: Ստացվում է, որ ՊՆ-ն հնարավորություն ուներ տնտեսելու 28 մլն 615 հազար դրամ գումար: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է, որ Վիգեն Սարգսյանի՝ նախարար նշանակվելուց հետո ՊՆ-ն լուծարում է բոլոր մատակարարների հետ կնքած պայմանագրերը: Մեր հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվել է մեր հոդվածը: Պարզվել է ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառված գույքային վնասի չափը եւ մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն նյութեր նախապատրաստելու եւ հետագա ընթացքը լուծելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթն իր սեպտեմբերի 13-ի համարում գրել էր, որ Վայոց ձորի մարզի խոշորացված Շատին համայնքում տեղի ունեցած ընտրություններում Շատինի գյուղապետի թեկնածուներից ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը, որն այժմ հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների դիրքերից, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Չհաշտվելով իր պարտության հետ` կողմնակիցների հետ պարբերաբար բողոքի ցույցեր էր  կազմակերպում: Արդյունքում մոտ երեք ամիս Շատին համայնքի մոտ 20 բնակիչ զավթել էին համայնքապետարանն ու պարալիզացրել համայնքի աշխատանքները: Բնակիչները բեռնատար մեքենայով փակել էին համայնքապետարանի բակը, համայնքապետարանի աստիճանների եւ մուտքի դռան մոտ տեղադրել մահճակալ եւ օրուգիշեր հսկում էին, որպեսզի որեւէ մեկը չմոտենար դռանը: Նորընտիր համայնքապետ Արթուր Ստեփանյանն էլ, չկարողանալով մուտք գործել համայնքապետարան, ստիպված է եղել համայնքի աշխատանքները իրականացնել Թառաթումբ համայնքում: «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակիցները, իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար մեկնելով Շատին համայնք, ենթարկվել էին բռնության. բնակիչներից մի քանիսը հարձակվել էին մեր թղթակիցների վրա, անգամ խլել լրագրողական վկայականը, հարվածել տեսանկարահանում իրականացնող թղթակցի ձեռքին, քաշքշել: Մեր հրապարակումից հետո ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է, եւ խոստացել էր 10 օրվա ընթացքում լուծել այն: Վերջինս հետամուտ եղավ Շատին համայնքում ստեղծված ամենաթողության մթնոլորտի վերացմանը: Չանցած 10 օրը` հարցը կարգավորվել էր, եւ Շատինի` մի քանի ամիս զավթված համայնքապետարանը ազատագրվել էր:

«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի7-ի իր համարում գրել է, որ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանն իր հեռախոսահամարն էր փոխանցել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին, որպեսզի զանգահարեն իրեն, սակայն նախարարությունից այդպես էլ կապ չէին հաստատել վերջինիս հետ: Բանն այն է, որ ամիսներ առաջ նա «Սայաթ-Նովա» անսամբլով պետք է մեկներ Արցախ հայոց բանակի զորամասերում բարեգործական համերգներ տալու եւ դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով, որ իրենց տրամադրեն ավտոբուսի գումար, որպեսզի հասնեն Արցախ եւ վերադառնան, սակայն պաշտոնական պատասխան են ստացել` «հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել»: Արտիստի խոսքով` նա դիմել է նամակով, քանի որ նախարարի  մոտ մտնելն արգելված է: Մեր հրապարակումից հետո ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում էր տարածել, իսկ անձամբ նախարարը խոստացել էր զբաղվել այս հարցով:

«Ժողովուրդ» օրաթերթն իր նոյեմբերի 1-ի համարում անդրադարձել էր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ընկեր, Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի եւ նրա տեղակալների աշխատավարձերի բարձրացման փաստին (այն 350.000-ից դարձել է 710.000), ինչը, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատել էր հենց Դավիդյանցը: Որոշ տեղեկությունների համաձայն` նախարարի ընկեր Դավիդյանցը մեզ հետ խոսելուց անմիջապես հետո (օրաթերթի եւ Դավիդյանցի միջեւ զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին) աշխատավարձերի թեմայի մասին «զեկուցել է» Արսեն Թորոսյանին, ինչից հետո նախարարը հետին թվով` հոկտեմբերի 30-ին, հրաման է արձակել իր ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների տնօրենների աշխատավարձերը բարձրացնելու մասին: Ու սա հիմք ունենալով` մեր հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ ուսումնասիրվել եւ վերանայվել են Առողջապահության նախարարության ենթակայության բոլոր պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100% պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավար անձնակազմի ամսական աշխատավարձերի դրույքաչափերը: «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման արդյունքում բարձրացվեցին ՀՀ ԱՆ ենթակայության 4 ՊՈԱԿ-ի եւ 8 ՓԲԸ-ի տնօրենների աշխատավարձերը: Եթե «Ժողովուրդ» օրաթերթը չտեղեկանար, որ նախարար Թորոսյանն իր ընկերների աշխատավարձը բարձրացրել է, ապա թեման չէր բացվի, եւ մյուս հիմնարկների` 4 ՊՈԱԿ-ների եւ 8 ՓԲԸ-ների տնօրենների աշխատավարձերը չէին բարձրանա:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ Սիրան Բաբայանը, ում որդին առողջական ծանր խնդիրներ ուներ, եւ խնդրում էր, որպեսզի օգնենք որդուն անցնել հետազոտություն (յամեր): Սակայն չստացվեց. մեծ ցավով տեղեկացանք, որ Սիրան Բաբայանի որդին մահացել է: Եւ որպեսզի որդեկորույս մոր ֆինանսական վիճակը փոքր-ինչ թեթեւացնենք, դիմեցինք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ մարզպետարանի Առողջապահության վարչության պետ Անուշ Պողոսյանին: Բայց մարզպետարանը կարողացավ ընտանիքին փոխանցել միայն 30 հազար դրամ գումար` որպես օգնություն: Իսկ Անուշ Պողոսյանը խոստացավ հաջորդ տարեսկզբին լինել ընտանիքի կողքին եւ օգնել, ինչով որ կկարողանա: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական կլինի` մարզպետարանն իր խոսքին տեր կկանգնի, թե ոչ:

Մյուս կարեւոր ձեռքբերումը նույն մարզի Կարմիրգյուղի բնակիչների հետ է կապված: Բանն այն է, որ նրանք այս տարվա հուլիսին տեղացած ուժգին կարկուտի հետեւանքով մեծ վնասներ են կրել: Նրանց ունեցած 45 հա հողատարածքը վնասվել է կարկուտից: Ավելի քան 50 շահառու վեց ամիս է, ինչ սպասում է վնասի փոխհատուցման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ յուրաքանչյուր հա-ի դիմաց շահառուին կառավարությունը պետք է վճարեր 30 հազար դրամ, բայց ինչ-ինչ պատճառներով այն ձգձգվում էր: Բնակիչների մտահոգությունը  «Ժողովուրդ» օրաթերթը փոխանցեց փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանին: Եւ մեր զանգի հաջորդ օրը կարմիրգյուղցիները ստացան իրենց փոքրիկ, բայց երկար սպասված փոխհատուցումը:

Հ. Գ. Նշենք, որ վերը նշվածներով չեն սահմանափակվում «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրությունների ձեռքբերումներն ու աշխատանքի հաճելի պտուղները:

Եղել են դեպքեր, երբ խմբագրության միջամտությամբ (ոչ հրապարակային) լուծվել են շարքային քաղաքացիների բազմաթիվ խնդիրներ, կարողացել ենք օգնել մի շարք կարիքավոր մարդկանց:




Լրահոս