Աստղերը խորհուրդ են տալիս շատ չդիմադրել․ պարտությունն անխուսափելի է․ աստղագուշակ Արթուր Դավթյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:

Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:

Ավանդույթի համաձայն, Ժողովուրդ օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել  նրանց ապագան:

Արթուր Դավթյան՝ ՀՀ գլխավոր դատախազ (ձի)- Երջանիկ պատահականությամբ ձեռք բերված հասարակական դիրքն ու պաշտոնը նույնքան պատահական էլ շարունակեցիք զբաղեցնել 2018 թվականին: Շան տարին վայրիվերումներով լի էր. ստիպված եղաք տարվա կեսից հետո հետողորմիա անել այն գործերը, որոնք ախորժակով հարուցել էիք ձեր ապագա ղեկավարների դեմ:

Իհարկե, համակարգային խաղերը օգնեցին ժամանակավորապես ընդգծել ձեր առավելությունը, բայց դրանց հետեւանքները վերացնելու համար առավել մեծ ջանքեր կպահանջվեն ձեզանից: Եւ 2019 թվականի խոզի տարին այնքան էլ սպասումնառատ չէ: Պարտությունն անխուսափելի է: Աշխատեք ապագայի համար քայլեր իրականացնել, քանի որ համակարգում ապառնի ժամանակով պլաններ գծելն այլեւս իրատեսական չէ: Աստղերը խորհուրդ են տալիս շատ չդիմադրել: Խաղաղ մեկնումն առավել ընկալելի կլինի:

Քաղաքական գործիչների ու պաշտոնյաների ապագան գուշակեց

Նատալյա Պողոսյանը




Լրահոս