Իրավունքի ուժով արձակված խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Մանվել Գրիգորյանը, որին թավշյա հեղափոխությունից հետո կալանավորել էին հայտնի քրեական գործի շրջանակներում, հայտնվել է ամենաշատ անհարգելի բացակա ունեցող պատգամավորների թվում: «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան` ԱԺ-ից տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանն ԱԺ-ից եւ ԱԺ մշտական հանձնաժողովներից անհարգելի բացակայել է 9 անգամ: Արդյունքում խորհրդարանի ղեկավարությունը նրան պատժել է` աշխատավարձից պահումներ անելով: Մեր հարցմանն ի պատասխան` ԱԺ-ից տեղեկացրին, որ Մանվել Գրիգորյանի աշխատավարձից 9 անհարգելի բացակայության համար պահվել է 287 հազար 367 դրամ: Տեղեկացնենք նաեւ, որ ամենաշատ անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորներն ԱԺ ՀՀԿ եւ «Ծառուկյան» խմբակցություններից են:
Ամենաշատը անհարգելի բացականեր ունեցող պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Զաքարյանն է. նա ունի 40 բացակա, եւ նրա աշխատավարձից, ընդհանուր առմամբ, պահվել է 1 մլն 244 հազար 503 դրամ: Երկրորդ ամենաշատ բացակայած պատգամավորը Կարեն Կարապետյանն է` 27 բացակայով եւ 780 հազար 759 դրամ պահված գումարով: Եվ մի քանի տարի առաջին հորիզոնականում գտնվող Գագիկ Ծառուկյանն այս անգամ միայն երրորդն է` 26 բացակայով եւ 751 հազար 583 դրամ պահված գումարով: