Կյանքից հեռացել է ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկարատև հիվանդությունից հետո, 75 տարեկանում կյանքից հեռացել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, տասնյակ տարիներ ոլորտի մասնագիտական բուհում դասավանդելուց բացի, Վիգեն Արզումանյանը գրեթե տասը տարի ղեկավարել է «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտը։

Նա մեծ ներդրում է ունեցել շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքերում, որոնք հետագայում հիմք են ծառայել աղետի գոտու վերականգնման ծրագրային փաստաթղթերի մշակման համար:

Ընդամենը մեկ ամիս առաջ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով՝ Վիգեն Արզումանյանը պարգևատրվել էր «Քաղաքաշինության ոլորտում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով:

«Ավետիք Էլոյանն անձամբ էր այցելել վաստակաշատ մասնագետին՝ մեդալը հանձնելու, նրա մասնագիտական և մանկավարժական գործունեության համար սերունդների անունից երախտագիտություն հայտնելու:

Քաղաքաշինության կոմիտեն ցավակցում է Վիգեն Արզումանյանի հարազատներին, մասնագիտական հանրությանը, ուսանողներին՝ մեծ կորստի կապակցությամբ, հավաստիացնելով, որ հեղինակավոր մասնագետի՝ ոլորտի կայացմանն ուղղված ոչ մի ծրագիր անավարտ չի մնալու»,- ասված է քաղաքաշինության կոմիտեի տարածած հայտարարության մեջ:




Լրահոս