ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է ֆինանսների նախարարության սեւ ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ «Սլավմեդ» բժշկական կենտրոնին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով:

Ի դեպ, Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Սլավ մոթորս» ընկերությամբ եւ «Սնիկերս», «Մարս», «Նեսթլե» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշների շոկոլադներ ներկրելու մենաշնորհով. նրանց ընկերությունը ՀՀ-ում այդ ապրանքանիշների ներկայացուցիչն է: Բայց առողջապահական ոլորտում պատգամավորի ընտանիքին պատկանող բժշկական կենտրոնին, կարծես թե, չի հաջողվում հաջողություններ գրանցել: Չէ՞ որ «Սլավմեդ» ԲԿ-ի դեմ դատական տարբեր հայցեր կան ինչպես գույքային, այնպես էլ գումարի բռնագանձման պահանջով: Ավելին, այս բժշկական կենտրոնում մահվան մի քանի դեպքեր էին գրանցվել, որին իրավապահ համակարգը համապատասխան ընթացք էր տվել: Այս անգամ բժշկական կենտրոնի «կռիվը» Երեւանի քաղաքապետարանի հետ է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնանշման հարցման ընթացակարգին եւ գնահատող հանձնաժողովի կողմից ճանաչվել է առաջին տեղ զբաղեցրած մասնակից: Բայց որոշ ժամանակ անց պարզվել է, որ բժշկական կենտրոնը չի բավարարել հրավերով սահմանված որակավորման չափանիշների պահանջներին: Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվել է բժշկական կենտրոնի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց հարկային պարտավորությունների վերաբերյալ: Քաղաքապետարանի հարցմանը ՊԵԿ-ից արձագանքել են, որ ընկերության «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշը չի բավարարում օրենքով սահմանված պահանջները: Այսինքն` ընկերության հայտը ներկայացնելուն նախորդող հաշվետու տարվա պարտավորություններն ակտիվներից ավելի շատ են եղել:
Սակայն «Սլավմեդ»-ը ստեղծված իրավիճակի համար այլ բացատրություն ունի: Այսպես, ընկերությունից հիմնավորել են, որ իրենք նորաստեղծ են: Եւ ժամանակակից, նորագույն սարքավորումներով հագեցնելու համար բժշկական կենտրոնին անհրաժեշտ է եղել հսկայական ֆինանսական ներդրումներ, որոնք տրամադրվել են բանկի եւ հիմնադրի կողմից երկարաժամկետ պայմանագրային հիմունքներով: Այդ պատճառով «Սլավմեդ» ԲԿ-ի պարտավորությունների չափն ավելի մեծ է, քան ակտիվների արժեքը:
Պարզվում է` «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտը ներկայացնելու նախորդող հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների չափը կազմել է 2 մլրդ 249 մլն 218 հազար դրամ, իսկ ակտիվների հաշվապահական հաշվեկշիռային արժեքը` 1 մլրդ 413 մլն 795 հազար դրամ: Բայց չնայած սրան` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը «Սլավմեդ»-ին առաջարկել է աշխատանքային մեկ օրում շտկել առկա անհամապատասխանությունը: Սակայն սահմանված ժամկետում ընկերության կողմից այն չի շտկվել, եւ գնահատող հանձնաժողովը, օրենքի պահանջների համաձայն, մերժել է ԲԿ-ի հայտը:
Ըստ գնումների բողոքարկման խորհրդի` առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը` այս դեպքում բժշկական կենտրոնը, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցել է օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ: Մինչդեռ ըստ «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի` հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը չպետք է գերազանցի ակտիվների հաշվեկշիռային արժեքը:
Եւ քանի որ պայմանագիրը կնքված չի եղել, քաղաքապետարանը որոշել է տվյալ մասնակցի հայտը մերժել: Բացի այդ, եթե սահմանված ժամկետում ընկերության կողմից անհամապատասխանությունը չի շտկվում, ապա հանձնաժողովի որոշմամբ այն մերժվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գնումների բողոքարկման խորհուրդը գտել է, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում թույլ է տվել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտավորության խախտում: Եւ խորհուրդը որոշում է կայացրել «Սլավմեդ» ԲԿ-ին ընդգրկել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում երկու տարի ժամկետով: Այսինքն` բժշկական կենտրոնը ֆինանսների նախարարության սեւ ցուցակում կմնա մինչեւ 2020 թվականի մարտի 22-ը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԴԵՄ

Մասիսի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանի եւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի միջեւ հակամարտությունը թեւակոխել է նոր փուլ:

Տեղեկացնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն աշխատանքից ազատել էր Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանին: Վերջինս էլ դիմել է դատարան եւ պահանջել վերանայել աշխատանքից ազատման վերաբերյալ մարզպետի որոշումը: Սա դեռ ամենը չէ: Պարզվում է` Նունե Ավանեսյանը դարձյալ դիմել է դատարան: Այս անգամ բժշկական կենտրոնի նախկին տնօրենը Արարատի մարզպետից պահանջում է վերացնել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունը: Նշենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի այս տարվա օգոստոսի 3-ի կարգադրությամբ բժշկական կենտրոնում ներքին աուդիտ է իրականացվել, ինչի արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգման ենթարկվել են բժշկական կենտրոնի 2017 եւ 2018 թվականների ընթացքում իրականացրած ֆինանսական գործառույթները:
Այսպես, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենի կողմից մի շարք անձանց հետ կնքվել են ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր, որոնց կատարման համար ծախսվել է գումար: Բայց պարզվել է, որ աշխատանքները չեն կատարվել: Բացի այս, թվով 4 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, ստացել են աշխատավարձ, բայց այդպես էլ աշխատանքի չեն հաճախել:
Ներքին աուդիտի արդյունքներով ընկերության դրամարկղից արհմիության անդամավճարներից ստացվել է 2.2 մլն դրամ, բայց ծախսերի հիմնավորումները չկան: «Ժողովուրդ» օրաթերթը Արարատի մարզպետարանից տեղեկացավ, որ դրամարկղից կանխիկ վճարումներ են կատարվել ՀՀ-ում գործող բջջային օպերատորներին` առանց համապատասխան պայմանագրերի առկայության, կատարվել է վառելիքի ավելորդ ծախս` 9915 լիտր: Ավելին` բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենը առանց մարզպետի համաձայնության կատարել է անհարկի գնումներ:
Օրինակ, բժշկական կենտրոնի ունեցած շուրջ 69 մլն դրամ պարտքը չի խանգարել Նունե Ավանեսյանին, որպեսզի նա գնի 10 մլն դրամ արժողության ավտոմեքենա: Ըստ մարզպետարանի` բժշկական կենտրոնի բյուջեի հաշվին ձեռք է բերվել բջջային հեռախոս: Բացի այս, մի շարք աշխատակիցների անվամբ դուրս են գրվել պարգեւավճարներ, որոնք այն փաստացի չեն ստացել: Իսկ 800 հազար դրամ գումար էլ փոխանցվել է մեկ ընկերության «Լավագույն հայուհի» միջոցառման շրջանակներում հարցումներ կատարելու համար: Մարզպետարանը ներքին աուդիտով պարզել է նաեւ, որ ԲԿ-ի դրամարկղ չեն մուտքագրվել հիվանդանոցի դիահերձարան տեղափոխված դիակների տեղափոխման եւ հարդարման համար վճարման ենթակա գումարները:
Չեն մուտքագրվել նաեւ ընկերության տարածքում վարաձակալական հիմունքներով տրամադրված տարածքների համար վճարված գումարները: Ի դեպ, նոյեմբերի 23-ին Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ս. Հ.

 

 

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ԿՈՂՈՊՏԵԼ Է
Դեկտեմբերի 13-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացավ Արա Մուրադյանի դատավարության հերթական նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել զբոսաշրջիկներին կողոպտելու համար: Ըստ մեղադրանքի` նա 2018թ հուլիսի 21-ին` ժամը 15:00-ից մինչեւ 20:35-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան-Սեւան-Իջեւան մայրուղուց Սեւանի թերակղզի տանող խաչմերուկից Դիլիջան քաղաք տեղափոխելու նպատակով իր վարած ավտոմեքենան է նստեցրել Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ Ղազախստանի քաղաքացի Արսենիյ Սեմենովին եւ Ֆրանսիայի քաղաքացի Ժոակիմ Աղնուին, իսկ նրանց երկու ուսապարկերը դրել է ավտոմեքենայի բեռնախցիկում: Արդեն Դիլիջան քաղաքում նրանց ավտոմեքենայից իջեցնելուց հետո, զբոսաշրջիկների հորդորներին ի հակառակ, չի բացել ավտոմեքենայի բեռնախցիկն ու նույն ավտոմեքենայով դիմել է փախուստի: Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Ա. Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻՑ ԿՈՎ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները բացահայտել են անասնագողության եւ բնակարանային գողության երկուական դեպք: Մոտ 10 օր առաջ Արտաշատի մի քանի բնակիչ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղից շատ հմուտ ձեւով կով են գողացել, որը «Գազել» մակնիշի մեքենայով տեղափոխել են Արտաշատ: Անասնագողության մյուս դեպքը, որ բացահայտվել է, կատարվել է 2013թ., կով գողացածը Իջեւանի տարածաշրջանի բնակիչ է: Բնակարանային գողությունները կատարվել են Իջեւան քաղաքի սեփական առանձնատներից, դրանք կատարածները տարբեր անձինք են: Իջեւանի հարկային տեսչության աշխատողի տնից գողացել են որսորդական հրացան, դաշույն, բջջային հեռախոսներ, հեռուստացույց, գողոնի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 300 հազար դրամ: Մյուս դեպքով Իջեւանի բնակչի տնից գողացել են ոսկե շղթա, ոսկե խաչեր եւ այլն, գողոնի արժեքը կազմում է 494 հազար դրամ: Երկու դեպքերով էլ կալանավորվածներ չկան, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Կատարվում է քննություն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս