«Իմ քայլը» խմբակցությունը երեկ խորհրդարանում անցկացրել է իր առաջին նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիստը բավական երկար է տևել և նաև ընդմիջվել: Հենց ընդմիջման ժամանակ էլ խմբակցության պատգամավոև և փոխնախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանն է պատասխանել լրագրողների հարցերին:
Նախ նա հաստատել է ավելի վաղ նշված տեղեկություններն այն մասին, որ խմբակցության ղեկավարը կլինի Լիլիթ Մակունցը, իսկ քարտուղարը Հակոբ Սիմիդյանը: Սակայն Սիմոնյանի խոսքով, երեկվա նիստի ընթացքում հանձնաժողովների թվի, դրանց ղեկավարների շուրջ քննարկումներ չի արել: Չնայած դրան մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում հանձնաժողովների թվի ավելացման և դրանց ղեկավարների անունների շուրջ:
Ամեն դեպքում նա նշեց, որ այսօրվա նիստում միայն ներքին հարցեր են քննարկվել, իսկ ԱԺ-ում հանձնաժողովների քանակի եւ ղեկավարների շուրջ հարցեր չեն քննարկվել. «Վարչապետի եւ խմբակցության անդամների միջեւ հարցուպատասխան է եղել, միայն ներքին հարցեր են քննարկվել, այդ թվում՝ ԱԺ աշխատանքներին վերաբերող հարցեր: Քննարկում է եղել նաեւ ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի շուրջ, բայց որոշում չկա: Եղել է մտքերի փոխանակում», – հավելեց Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ ընդդիմադիր փոխնախագահի հարցը վերջին շրջանում ամենաքննարկվողներից է: Բանն այն է, որ մեծամասնություն ունեցող խբակցության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարել են, թե տրամաբանական է, որ այն բաժին հասնի ավելի շատ մանդատ ունեցող ուժին, այսինքն՝ ԲՀԿ-ին, այնինչ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այն համարում է փոքրաթիվ ընդդիմության ձայնը լռեցնելու և ՀՀԿ-ի ավանդույթները շարունակելու փորձ: Եվ եթե ԼՀԿ-ի թեկնածուի անունը հայտնի է, Մանե Թանդիլյանն է, ապա ԲՀԿ-ի դեպքում դեռ անորոշություն է և այս օրերին հստակություններ են սպասվում: