ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԲՈԼՈՐԸ ԴԻՏՈՐԴ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, համացանցում իսկական պատերազմ է ընթանում «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ: Խորհրդարանում ներկայացված այս երկու կուսակցությունները միմյանց հասցեին ամենավերջին մեղադրանքներ են հնչեցնում: Գժտության պատճառն ԱԺ ընտրություններին մասնակից 11 ուժերի ղեկավարների բանավեճի ժամանակ Էդմոն Մարուքյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ փոքր լեզվակռիվն էր. Մարուքյանի պահվածքը Ծառուկյանի համար անակնկալ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բանավեճից հետո Ծառուկյանը մի քանի լիդերի ներկայությամբ ասել է, որ Էդմոնը սխալ հարցադրումներ էր հնչեցնում, կտեսնեք նրա ապագան: Արդեն ընտրություններից հետո երկու կուսակցությունները թափով միմյանց դեմ են դուրս եկել: Բանը հասավ նրան, որ ԲՀԿ-ն կուսակցության մակարդակով հայտարարություն տարածեց, Էդմոն Մարուքյանն էլ տեսաուղերձով հանդես եկավ: Միաժամանակ մարտի են նետվել երկու թիմերը: Եւ հիմա մեծից փոքր յուրաքանչյուրն այս օրերին իր պարտքն է համարում ամենավերջին արտահայտություններով սեւացնել «հակառակորդի» ղեկավարին: Եթե անկեղծ, ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» միջեւ վեճը շատ ձանձրալի է, հնչեցված մեղադրանքներն էլ վաղուց ի վեր հայտնի են ամենքին:
Մինչ այդ նկատենք, ժամանակը ցույց է տվել, որ նման դեպքերում թիմերը, սովորաբար, անմնացորդ նետվում են մարտի, մտնում անձնական դաշտ՝ ամենավերջին խոսքերը շռայլելով դիմացինի հասցեին, բայց վերջում հայտնվում անհարմար դրության առաջ, չեն կարող պարզճակատ նայել մեկմեկու, երբ ղեկավարները որոշեն հանկարծ հաշտվել:
Այս պատմության մեջ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. քաղաքական դաշտում բոլորը դիտորդի դերում են՝ ընդամենը հետեւում են երկու կուսակցությունների մենամարտին, ու որեւէ մեկը չի փորձում նրանց հաշտեցնել՝ թողնելով, որ վեճն ավելի թեժանա՝ իր անցանկալի հետեւանքներով հանդերձ:

 

 

 

Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մտադիր է առաջիկայում լքել Հայաստանը՝ եվրոպական երկրներից մեկից քաղաքական ապաստան խնդրելով: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Ազարյանն իր հայտարարությունը, թե համակարգի վրա բիրտ ճնշում կա, հենց այդ նպատակով է հնչեցրել, որպեսզի հնարավոր լինի ներկայանալ որպես նոր իշխանությունների կողմից քաղաքական հալածյալ: Հիշեցնենք, որ Ազարյանի որոշմամբ ամռանը վերացվեց մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ազարյանի այդ որոշումը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց հանրության մոտ, եւ տեսակետ կա, որ դատավորն ուզում է օգտվել իրավիճակից: «Ժողովուրդ» օրաթերթը եղելությունը փորձեց պարզել անձամբ դատավոր Ազարյանից, սակայն վերջինս, իմանալով, որ զանգահարողը լրագրող է, չցանկացավ անգամ լսել հարցը եւ անջատեց հեռախոսը: Մեր այլ փորձերը դատավորի հետ զրուցելու անցան ապարդյուն, քանի որ նա այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 

 

Իրավունքի ուժով արձակված վեցերորդ գումարման Աժ պատգամավորներն հավանաբար մեկ շաբաթ ավելի կվայելեն մանդատ ունենալու բերկրանքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին: Ի սկզբանե նշվում էր հունվարի 7-ը, մանավանդ օրենսդրությունն այս հարցում որոշակի կարգավորումներ է նախատեսում, սակայն դա արագացված ռեժիմի պարագայում: Ու հաշվի առնելով Ամանորը, ամանորյա տոնական մթնոլորտը, ոչ աշխատանքային օրերը` որոշում է կայացվել հետաձգել նոր խորհրդարանի անդրանիկ նիստը: Նշենք, որ ԱԺ անդրանիկ նիստում պետք է ընտրվեն ԱԺ նախագահը, փոխնախագահները, միաժամանակ, պետք է հաստատվի խորհրդարանական մշտական հանձնաժողովների թիվը, եւ ըստ այդմ՝ ընտրվեն նաեւ այդ հանձնաժողովների նախագահները: Ընդ որում, յուրաքանչյուր ընտրություն անցկացվելու է առանձին-առանձին, փակ, գաղտնի ռեժիմով:

 

 

 

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին բավական ավելացել են արտերկրից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալները: Եթե 2017 թվականին ֆիզիկական անձանց անունով առեւտրային բանկերի միջոցով արտերկրից փոխանցվել էր 1 մլն 397 հազար 721 դոլար, ապա այս տարի այդ թիվը հասել է 1 մլն 456 հազար 230 դոլարի՝ մոտ 4 տոկոսով ավելի: Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ եթե սեպտեմբերին տրանսֆերտները կազմել էին 151 հազար 682 հազար դոլար, ապա հոկտեմբերին դրանք հասել են 177 հազար 107 դոլարի: Այս տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում մասնավոր փոխանցումները շատ են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւս. 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ փոխանցվել էր 162 հազար 979 դոլար: Նշենք, որ մասնավոր փոխանցումների առյուծի բաժինը ՌԴ-ից է:

 

 

 

ԾԵՐՈՒԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ
Երեկ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղեւոնդյանը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոյին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` «նրանք մտքեր են փոխանակել եվրոպական եւ մի շարք ուղղություններով փոխգործակցության շուրջ։ Ընդգծվել է երկկողմ միջպետական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված հետագա համատեղ ջանքերի կարեւորությունը։ Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»։
Ակնհայտ է, որ իրականում Բելառուսում ՀՀ դեսպանի հանդիպումն այդ երկրի ԱԳ փոխնախարարի հետ սովորական բնույթ չի կրում, այլ կապված է վերջին ամիսներին երկու երկրների միջեւ հարաբերությունների լարվածության հետ: Իսկ որ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ երկու երկրների հարաբերությունները վերջերս գնալով լարվում են, այլեւս փաստ է:
Սա թերեւս հետեւանք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների: Պատճառն էլ այն է, որ ՀՀ-ն մտադիր չէ հեշտությամբ զիջել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որին ժամանակից շուտ ձգտում է Բելառուսը: Ավելին` ՀՀ վարչապետը մի քանի անգամ բարձրաձայնել է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, նաեւ ՀԱՊԿ փակ նիստերում քննարկված հարցերը ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի ղեկավարության մոտ հանրայնացնելու պրակտիկան:
Եւ ահա, թվում էր՝ նախորդ շաբաթ Լուկաշենկոն, հայտարարելով, որ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել Փաշինյանից, փորձում է գնալ հաշտության: Սակայն երեկ կրկին նա անհաճո հայտարարություններ է արել Փաշինյանի հասցեին` մասնավորապես, ասելով որ երբ ՀՀ վարչապետը բարձրացրել է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, ինքը հանդիմանել է, թե ինչու նույն մեղադրանքները չի ներկայացնում ՌԴ-ին, որն առաջինն է Բաքվին զենքի մատակարարումների հարցում: ՀՀ վարչապետի խոսնակն էլ արձագանքել է, թե Լուկաշենկոն շարունակում է փակ հանդիպումները հրապարակայնացնելու պրակտիկան, ավելին՝ նա ստացել է համարժեք պատասխան, որի մասին չի խոսում:
Ինչեւէ, որքան էլ այս փոխադարձ լեզվակռիվների շարանը կարող է հետաքրքիր թվալ, բայց եւ այն մտահոգիչ է, քանի որ երկու երկրների հարաբերությունները գնալով լարվում են: Այդ մասին է վկայում ՀՀ դեսպանի հանդիպումը նրանց ԱԳ փոխնարարի հետ: Չնայած, եթե անկեղծ լինենք, Լուկաշենկոյի այս պահվածքը նորություն չէ. նա օտարերկրյա շատ այլ պետությունների ղեկավարների դեպքում էլ հաճախ խախտել է թույլատրելիության սահմանները:




Լրահոս