ԿՐԱԿՈՑԸ ՀՆՉԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՎԻՐԱԾ ԶԵՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 1-ին գումարտակի ոստիկանները, Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզներն ու Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման էր ենթարկել չորս անձի` կանխելով վիճաբանության հնարավոր ողբերգական հետեւանքները:

Այսքանով իրավապահների բացահայտումը չէր ավարտվել. դեպքի վայրի զննությամբ եղեւնու տակ հայտնաբերվել էր հրազեն, որն իրավապահները առգրավել էին. «Ատրճանակի օրինականությունը ճշտվում է: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ են ստացել ատրճանակի տիրոջ ինքնության վերաբերյալ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:
Եւ, ահա, դեպքից անցել է մեկուկես ամիս, սակայն այս գործով ոչ միայն մանրամասներ չեն հայտնում, թե ովքեր էին Վերնիսաժում կրակոցների կիզակետում հայտնված 4 անձինք, ինչն էր վիճաբանության պատճառը, այլեւ ըստ մեր տեղեկությունների` փորձ է արվում «թեման արագ փակել»: Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթին այդ միջադեպի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` կրակոցների կիզակետում է եղել «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանը: Ի դեպ, վերջինիս եղբայրը` Գառնիկ Շիրինյանը, 2018 թվականի ավագանու ընտրություններում ընդգրկված է եղել ՕԵԿ ցուցակում:
Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավը մեկ այլ հանգամանք է` դեպքի վայրից հայտնաբերված ատրճանակի պատկանելիությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հայտնաբերված զենքը, որից այդ օրը հնչել էր կրակոցը, ժամանակին նվիրել է Lեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Ասել է թե` Վերնիսաժում կրակոցը հնչել է պարգեւատրված զենքից: Թե ում է Ղուկասյանը նվիրել, մեզ չհաջողվեց պարզել: Միայն հայտնի դարձավ, որ անձը, որին Արկադի Ղուկասյանը նվիրել էր զենքը, իրավապահներին ցուցմունք է տվել, որ ինքը զենքով չի կրակել, այլ վիճաբանության ժամանակ զենքը իր ձեռքից ընկել է, եւ ընկնելու արդյունքում է կրակոց արձակվել: Այդ դեպքում, իհարկե, անհասկանալի է՝ ինչպես է այն հայտնվել եղեւնիների տակ:
Ինչեւէ, իրավապահները չեն գաղտնազերծում, թե վիճաբանության մասնակիցներից կոնկրետ ում է Արկադի Ղուկասյանը նվիրել զենքը: Դեռ ավելին` հաշվի առնելով, թե ինչ ցուցմունքներ են տվել վիճաբանության մասնակիցները` վարկածներ կան այն մասին, որ իրավապահները ամեն ինչ անում են այս գործին հնչեղություն չտալու եւ արագ «փակելու» համար:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում այս քրեական գործը, արդյոք գործով կան մեղադրյալներ եւ այլ մանրամասներ: Սակայն ՔԿ-ից, ի պատասխան մեր հարցադրումների, հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է: Մեր այն հարցին, թե արդյոք «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանը կապ ունի տեղի ունեցած միջադեպի հետ, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտից հայտնեցին, որ նման բան չկա:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շիրինյան եղբայրներին իրավապահները կանչել են հարցաքննության, եւ վերջիններս հայտնել են, որ միջադեպի հետ կապ չունեն, այլ պարզապես այդ ժամանակ նշված հատվածով անցնելիս են եղել: Ճի՞շտ են արդյոք եղբայրների ցուցմունքները, թե՞ ոչ, պարզ կդառնա քննությամբ, եթե քննությունը տարվի օբյեկտիվ: Մնում է հուսալ, որ միջադեպի մասնակիցները կհայտնվեն մեղադրյալի աթոռին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ
Ինչպես հայտնի է, մի քանի օր շարունակ թեժ «մարտեր» էին ընթանում ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ: «Ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ զրուցել է այս թեմայով` փորձելով հասկանալ, թե ինչու իրենք` որպես իշխանական կուսակցություն, չփորձեցին հանդարտեցնել կողմերին:
-Եթե խոսենք ձեւավորված ընդդիմության մասին, Ձեր կարծիքով` ինչո՞ւ նման կռիվ սկսվեց։
-Որոշ դեպքերում` քաղաքական ամբիցիաների, որոշ դեպքերում` չընկալելու ընդդիմության իրավական կարգավիճակը։ Շատերը կարծում են, որ ընդդիմությունը պետք է անընդհատ հակադարձի իշխանություններին։
-Այսինքն` կռիվը ապացուցելու համար է, թե ով է ռեալ ընդդիմությո՞ւն։
-Ըստ էության, այո։ Ժամանակը ցույց կտա, թե ով ինչքանով է պատրաստ ծառայելու ժողովրդին եւ արդարացնելու այն մանդատը, որն իրենք ստացել են։
-Ունե՞նք այնպիսի ընդդիմություն, որը կարող է զսպել իշխանություններին։
-ԲՀԿ-ի պարագայում չեմ կարող հստակ գնահատական տալ, բայց «Լուսավոր Հայաստանի» մասով վստահ կարող եմ ասել, որ ի դեմս այդ կուսակցության` մենք ունենք շատ առողջ քաղաքական ուժ, որը կարող է միշտ օբյեկտիվ գնահատական տալ այս կամ այն քաղաքական որոշմանն ու գործընթացին, որը կներկայացնի իշխող քաղաքական ուժը։

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ԿՊԱԿԱՍԵՆ
Նախարարների կարգավիճակում շատ մեծ անակնկալներ չեն լինի. լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հաստատել է, որ նախատեսում են կրճատել նախարարությունների թիվը՝ դարձնելով 12: «Նախընտրական շրջանում ասվել է՝ մենք կփորձենք 12 նախարարությունում տեղավորվել»,-ասել է նա:

 

 

ԿԵՂԾՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ` ՍՊ ընկերության տնօրենը, կեղծելով ընկերության հիմնադիր-տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան աշխատակիցների հետ կազմել եւ կնքել է «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին սննդամթերքի մատակարարման վերաբերյալ պայմանագիր: Տնօրենը 2018թ. մարտի 1-ից մինչեւ հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ ՊՈԱԿ-ին մատակարարել է պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, մեկ այլ ՍՊ ընկերության անվամբ կեղծ պիտակավորմամբ բուսայուղ պարունակող մթերք: Արդյունքում «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ից ՍՊ ընկերության տնօրենը խաբեությամբ առերեւույթ հափշտակել է 696.390 դրամ գումար, իսկ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ից` 986.135 հազար դրամ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

 

ՀՆԱԲՆԱԿՆԵՐ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Դիլիջանի քոլեջ, որտեղ անցկացվում է «ՆերՈւժ» ծրագիրը։ Մինչեւ ծրագրի մասնակիցների հետ հանդիպումը վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է լրագրողների հարցերին։ Մասնավորապես, «Ազատության» դիտարկմանը, որ Բակո Սահակյանի հետ իր ունեցած հանդիպումից հետո Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը թողեց պաշտոնը, եւ արդյոք հանդիպման ընթացքում այդ հարցը քննարկվել է, եւ ինչ գնահատական կտա հնչող քննադատությանը, թե Լ. Մնացականյանի հեռացումը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, Նիկոլ Փաշինյանը արձագանքել է. «Պարոն Մնացականյանի պաշտոնանկությունը Ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել։ Ինչ վերաբերում է մտավախություններին, թե այդ փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, գիտեք, դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին, որովհետեւ ովքե՞ր են նշանակվել։ Նոր երկու նշանակումները՝ պաշտպանության բանակի հնաբնակները, մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում աշխատել են, ծառայել են զինված ուժերում եւ արցախյան ազատամարտի ակունքներում են գտնվում այդ մարդիկ»։

 

 

ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ
Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ ԼՂՀ հակամարտության հարցում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` Բաքվում անդրադառնալով իր եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի` Միլանում կայացած հանդիպմանը: «Կարծում եմ, որ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ առաջին անգամ փոխըմբռնման ենք հասել, որը երկար ժամանակ մեզ չէր հաջողվում: Իմ ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելուն: Դա կլինի նաեւ հաջորդ տարվա գլխավոր խնդիրը: Կարեւորը շոշափելի արդյունքների հասնելն է»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: Նա նաեւ նշել է, որ 2019-ի հունվարին կրկին հանդիպելու է Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկելու խնդրի խաղաղ կարգավորման ուղիները: Նշենք, որ հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը եւս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին: Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ` 8 ԱՆՁԻ
«Նուբարաշեն»-ից փախուստի դիմած 8 անձի մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 8 անձի: Նախնական քննության տվյալներով` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքի 11 կալանավորված անձինք եւ դատապարտյալներ 2018թ. ապրիլի 25-ին ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի կողմից օրենքով սահմանված կարգով ուղեկցվել են 6-րդ մասնաշենքում տեղակայված զբոսախուց: Չենթարկվելով ՔԿՀ-ում վարքի պահպանման վերաբերյալ գործող կանոններին` կալանավորներից ոմանք բացել են 6-րդ մասնաշենքի 6 տարբեր խցերի դռները եւ իրենց հետ փախուստի դիմելու կոչով դիմել կալանավորված օտարերկրյա քաղաքացիներին: Փախուստի փորձին միացել է ընդհանուր առմամբ 8 կալանավորված եւ դատապարտված անձ:




Լրահոս