Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելն ու կալանավորումը շատերը գնահատեցին որպես աննախադեպ երեւույթ հետխորհրդային տարածաշրջանում։ Թեպետ նախկին նախագահներին քրեական պատասխանատվության կանչելն առօրեական հարց չէ, սակայն համաշխարհային փորձը բավականին առատ է, ինչը թույլ է տալիս ոչ միայն պարզաբանել Հայաստանում տեղի ունեցողի պատմականությունը, այլեւ հասկանալ, որ պաշտոնեական դիրքն ու կարգավիճակը հավերժ չեն, եւ սեփական քայլերի համար պատասխանատվություն կրելու պահը, այսպես թե այնպես, գալիս է։
Համաշխարհային փորձը հուշում է, որ նախկին նախագահների նկատմամբ քրգործի հարուցումն ու կալանավորումը ավելի բնորոշ է Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի անցումային երկրներին։ Այստեղ նախագահները գերազանցապես մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ՝ կապված խոշոր չափի կոռուպցիոն սկանդալների, սպանությունների, էթնիկ զտումների հետ։ Լատինական Ամերիկայից հատկապես հիշարժան է Բրազիլիայի նախագահ Լուլան, որը 12 ամյա ազատազրկման է դատապարտվել փողերի լվացման ու կոռուպցիայի մեղադրանքով՝ բանտարկվելով 2018թ. ապրիլից։ Նման հարուստ փորձ է կուտակել նաեւ Հարավային Կորեան, որտեղ 2008-2017թթ. երկու նախագահներն էլ կալանավորվել են ու ներկայումս իրենց օրերն են անցկացնում բանտախցում՝ մեկը` 15, մյուսը՝ 24 տարվա ազատազրկման հեռանկարով։ Պերուն նույնպես ետ չի մնում նախկին նախագահներին բանտարկելու պրակտիկայից, եւ այս համատեքստում հիշարժան է Ալբերտո Ֆուջիմուրիի դեպքը, որը 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն արժանացել նախագահական ներման։ Հետաքրքիր է, որ պերուական Գերագույն դատարանը 2018թ. չեղարկել էր նախագահական ներումն ու Ֆուջիմուրիին վերադարձրել բանտախուց։
Մինչդեռ արեւմուտքում նախկին նախագահների նկատմամբ հարուցված քրեական գործերը հիմնականում կրում են ֆինանսական չարաշահումների կամ պաշտոնեական լիազորությունները անձնական օգուտին ծառայեցնելու մեղադրանքի բնույթ։ Այսպես, օրինակ, Եվրոպայում նախկին նախագահներին իրավական պատասխանատվության կանչելու պրակտիկան քանիցս կիրառել է Ֆրանսիան։ Այստեղ հարկ է մեկնարկել դեռ Երկրորդ աշխարհամարտից հետո կառավարության ղեկավար Մարշալ Պետենի կալանավորումից, որի մահապատիժը փոխարկվեց ցմահ բանտարկության։ Նույն շրջանից հիշատակելի է նաեւ Պիեռ Լավալը, որի նկատմամբ կայացվել էր մահապատիժ՝ այն իրականացնելով գնդակահարության միջոցով։ Ֆրանսիայի նախկին նախագահներից Նիկոլա Սարկոզիի նկատմամբ նույնպես քրեական գործ կա հարուցված՝ կապված 2007թ. Լիբիայի նախագահական ընտրություններին ապօրինի միջամտության հետ, եւ առայժմ հետաքննություն է ընթանում։ Մեկ այլ նախկին նախագահ Ժակ Շիրակի նկատմամբ էլ դատարանը մեղադրական վճիռ էր կայացրել՝ նրան մեղադրելով հանրային միջոցները վատնելու մեջ։ Նախկին նախագահը բանտում չհայտնվեց միայն իր տարիքի ու առողջական խնդիրների պատճառով՝ բավարարվելով երկամյա պայմանական ազատազրկմամբ։
Եվրոպական մյուս պետություններից հիշարժան է Իտալիան, որի վարչապետ Բենիտո Մուսոլինիին գնդակահարեցին իշխանությունից զրկվելուց անմիջապես հետո։ Գրեթե նույն ճակատագրին արժանացավ Ռումինիայի նախագահ Նիկոլա Չաուշեսկուն, որը 1989թ. հրահանգել էր զինված ուժերին գնդակահարության միջոցով ցրել հակակառավարական ցույցերը։ Այդ գործողությունից հետո հանրային ցասումը մեծ թափ ստացավ՝ հանգեցնելով Չաուշեսկուի ու նրա կնոջ փախուստին։ Սակայն վերջինն անհաջող ստացվեց, եւ Զինված ուժերը բռնեցին նախկին նախագահին, որը դատապարտվեց տնտեսական սաբոտաժի ու ցեղասպանության մեղադրանքներով։ Նա մահապատժի ենթարկվեց գնդակահարության միջոցով։ Իսկ Սերբիայի նախագահ Ռադովան Քարաջիչը, որը տասնամյակների հետախուզական աշխատանքներից հետո հայտնաբերվեց 2008թ., 2016թ. Հաագայի դատարանի կողմից դատապարտվեց պատերազմական ու մարդկության դեմ գործած հանցագործությունների համար 40 տարվա ազատազրկման։ Սերբիայի ու Չեռնոգորիայի նախկին նախագահ Սվետոզար Մարովիչը 2018թ. կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվեց մոտ եռամյա ազատազրկման։ Մակեդոնիայի կառավարության ղեկավար Նիկոլա Գրուվեսկին էլ 2018թ. երկամյա բանտարկության դատապարտվեց կոռուպցիոն մեղադրանքներով, սակայն փախուստի դիմեց եւ քաղապաստան ստացավ Հունգարիայում։
2006-2009թթ. Իսրայելի կառավարության ղեկավար Էհուդ Օլմերտը պաշտոնավարումից հետո ենթարկվեց քրեական պատասխանատվության՝ Երուսաղեմի քաղաքապետ ու առեւտրի նախարար աշխատած շրջանում կաշառք վերցնելու ու արդարադաությանը խոչընդոտելու մեղադրանքներով։ Հայաստանի հարեւան պետություններում նույնպես նախկին նախագահներ են ենթարկվել կալանավորման ու քրեական պատասխանատվության։ Թուրքիայի երրորդ նախագահ Ջելալ Բայարը 1960թ. հեղաշրջման արդյունքում դատապարտվել էր ցմահ ազատազրկության Սահմանադրության խախտման համար, սակայն առողջական խնդիրների արդյունքում մի քանի տարի անց ազատվեց բանտարկությունից։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին էլ դատարանի վճռով հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել հայտնի գործարարի սպանության պատվիրատու լինելու համար։ Հետխորհրդային տարածքում Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը 2010թ. հեղափոխությունից հետո փախավ Մինսկ եւ քաղաքապստան ստացավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակցությամբ, ինչը, սակայն, չխանգարեց, որ ղրղզական դատարանը հեռակա կարգով նրա նկատմամբ 25 տարվա ազատազրկման վճիռ կայացնի։
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ