ԵԽԽՎ-ՈՒՄ ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՍԿԱՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ն հայաստանյան դատական համակարգին ներքին խողովակներով հասկացրել է, որ թավշյա հեղափոխությունից իրենք պետք է դասեր քաղեն, քանի որ իրավիճակը փոխվել է Հայաստանում, այլ ոչ թե Եվրոպայի խորհրդում:

Ինչպես հայտնի է, աղմկահարույց քրեական գործերով դատավորների որոշումները հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրին: Ավելին, բանը հասել է այնտեղ, որ դատական համակարգում մեծ փորձառություն ունեցող դատավորները պատրաստվում են դիմում գրել` նախընտրելով դուրս գալ եւ ուրիշ գործունեությամբ զբաղվել: Իսկ ահա ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որն ազատ էր արձակել մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, աղմկահարույց հայտարարություն արեց` նշելով, որ դատական համակարգի վրա բիրտ ճնշում է իրականացվում ինչպես հասարակության, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից:
Բանն այն է, որ Ռոբերտ Ազարյանը որոշում կայացրեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, իսկ ահա նույն դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը որոշում կայացրեց ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, եւ Քոչարյանը կրկին կալանավորվեց:
Այսպիսով, այս եւ այլ նմանատիպ դատական գործերով դատական իշխանությունը հայտնվել է խնդրի առաջ, նույնիսկ օրերս դատավորների միությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով. «Դատավորների միությունը կոչ է անում գիտակցել արդարադատության իրականացման գործում դատավորների մեծ պատասխանատվությունը եւ ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող ու հանրության առջեւ նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց»:
Ու մինչ դատական համակարգը կռիվ է տալիս դատավորների եւ համակարգի շուրջ հնչող քննադատութունների դեմ, Եվրոպայի խորհրդում դատավորներին այլ բան են հասկացրել:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրեր առաջ մոտ 10 դատավորներ հրավիրվել են Եվրոպայի խորհուրդ հատուկ նիստի, որտեղ հանդիպել են Եվրոպայի խորհրդի դատավորների հետ եւ քննարկել դատական համակարգում առկա խնդիրները, ընդունված օրենքները, բացթողումները եւ նման այլ հարցեր, որոնք առնչվում են արդար դատաքննությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգում առկա խնդիրներին, որտեղ Եվրոպայի խորհրդի դատավորները իրենց ելույթներով ՀՀ դատավորներին որոշ բաներ են հասկացրել, մասնավորապես, թե որն է լինելու իրենց անելիքը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Եվրոպայի խորհուրդը ՀՀ դատավորներին ներկայացրել է իր մոտեցումները, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Եվրոպայի խորհրդի գործունեության մեջ Հայաստանի նկատմամբ որեւէ բան չի փոխվել, եւ իրենք շարունակելու են իրենց նախկին գործելաոճը:
Ասել է թե` հասկացրել են, որ թավշյա հեղափոխությունից հետո ինչ որոշում կկայացնի դատական համակարգը, ում կկալանավորի ու չի կալանավորի, դա Եվրոպայի խորհրդին չի վերաբերում, իրենք պահպանելու են օրենքի տառը: Ուստի ՀՀ դատական համակարգը որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ եթե այնպիսի որոշում կայացնի, որով կխախտի մարդու իրավունքները, ապա բացառապես այդ ամենի համար պատասխան կտա ՀՀ ներկայիս կառավարությունը: Ըստ էության, ՀՀ դատավորներին Եվրոպայի խորհրդում հասկացրել են, որ թավշյա հեղափոխությունից հետո Եվրոպայի մոտեցումը Հայաստանի նկատմամբ չի փոխվել, իրենք օրենքի տառին են հետեւելու, ուստի ՀՀ-ում էլ պետք է այնպիսի որոշումներ կայացնեն, որոնք հետագայում շուռ չգան իրենց պետության դեմ: Հուսանք` դատական համակարգը սրանից հետեւություններ կանի, քանի որ այս օրերին ՄԻԵԴ-ում իրար են հաջորդում մարտի 1-ի գործով որոշումները: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ շինծու մեղադրանքներով դատական գործերի հետեւանքը եղավ այն, որ մարդիկ դիմեցին ՄԻԵԴ եւ հիմա հերթով հաղթում են: Պարզապես ժամանակին քաղաքական գործընթացների ընթացքում որպես մահակ ծառայած դատավորների փոխարեն պատասխան է տալիս կառավարությունը՝ պետական բյուջեից որպես փոխհատուցում մեծ գումարներ տրամադրելով քաղաքացիներին:

 

 

 

ԱՆԱՍՆԱԳՈՂԵՐԻ ԲԱՆԴԱ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ահազանգել Վարդենիսի բնակիչները` հայտնելով, որ արդեն մի քանի ամիս է, ինչ իրենց քաղաքում գործում է անասնագողերի բանդա, սակայն իրավապահները չեն ցանկանում բացահայտել, թե ովքեր են պարագլուխները:

Եվ այսպես, Վարդենիս քաղաքի բնակիչ Վարդան Ասլանյանը հայտնեց, թե ինչպես է անասնագողերի բանդան մտել տարբեր քաղաքացիների անասնագոմեր եւ գողացել նրանց ցուլերն ու կովերը. «Դեկտեմբերի 18-ին գողացել են երկու ցուլիկներս, այդ օրը գիշերը` մինչեւ ժամը երկուսը, հեռուստացույց եմ նայել, գնացել եմ գոմ, նայել եմ ցլերին, հետ եմ վերադարձել: Երեւի դրանք հետեւել են ինձ, իմ գնալուց հետո եկել են, մտել են գոմ ու տարել են: Վարդենիսում այսպիսի համատարած գողություններ չեն եղել, այս վերջին երեք ամիսը սարսափելի է. ոնց որ ոստիկանությունը չցանկանա բացահայտել, կառավարությանը սաբոտաժ է անում: Սա բանդա է, որ չեն ցանկանում բռնել, կրկնում եմ` ոչ թե չեն կարողանում բռնել, այլ չեն ցանկանում: Վարդենիսում բոլորն էլ լավ գիտեն` ով ոնց է ապրում, ու եթե իրավապահները ցանկանան, ապա կարող են իմանալ` ով է: Դա այնպես չէ, որ գցեցին գրպանները ու գնացին տուն, դա անասուն է, պետք է տանեն, իրացնեն , առերեւույթ հետքեր կան, ոտնահետքեր կան, մարդիկ կան` ոստիկանությանը գողության հետքերն են ցույց տվել: Եղել են մարդիկ, որ գնացել են, դիմում են գրել, ասել են` մի՛ բողոքի, մենք կհայտնաբերենք, ու ոչ մի բան էլ չեն հայտնաբերել»:
Արդյունքում Վարդան Ասլանյանը ներկայացրեց այն քաղաքացիների անունները, որոնք դարձել են անասնագողերի բանդայի զոհերը. «Սեպտեմբերի 30-ին գողացել են Վարդենիս քաղաքի բնակիչ Արկադի Գրիգորյանի 6 ոչխարը, Կամո Ասլանյանից գողացել են նրա մեկ ձին: Դեպքը եղել է հուլիս ամսին , ինքը եւս դիմել է ոստիկանություն, ոչ մի բան չի բացահայտվել: Հոկտեմբերի 28-ին Ատոմ Անտոնյանից տարել են մեկ ցուլ, այս մարդուն ասել են` դիմում մի՛ տուր, մենք կհայտնաբերենք, ու ոչինչ չեն արել: Հակոբ Մելքումյանի հորթն են գողացել, դիմում է տվել ոստիկանությանը, ասել են` արի՛, դիմումը հե՛տ վերցրու, գողի անունն էլ պետք է տաս: Ստիպված այդ մարդը գնացել է, հետ է վերցրել իր դիմումը: Նոյեմբերի 17-ին գողացել են Արմեն Հակոբյանի մեկ ցուլիկը, կրկին դիմումը կա ոստիկանությանը: էլի գյուղերից էլ են գողություններ արել: Հոկտեմբերի 2-ին Մեծ Մասրիկի բնակիչ Շիրվանյան Մակիչից տարել են 4 գառ, մեկ ցուլ, նոյեմբերի 28-ին թալանել են Մեծ Մասրիկի բնակիչ Պետրոսյան Սերգեյի խանութը. 4-5 միլիոն ապրանք են տարել: Ծովակից` Նվերի տանից, տարել են 500 կգ սխտոր, մեկ հատ երինջ, մեկ հատ էլ կով: Մեկ-երկու անգամ գնացել ենք ոստիկանություն, մեզ ասեցին` արխային եղե՛ք, կբացահայտվի. ոչ մի բան չի բացահայտվում, մեր հանքից երկու բուռ հողի համար բռնում դատում են, իսկ սրա համար ո՞վ պետք է պատասխան տա: Միլիցիան ինչի՞ համար է. մեզ ասում են` ձեր ապրանքը լավ պահե՛ք` չգողանան, այսինքն` այս ժողովուրդը մի գիշերվա քուն ունի, դա էլ չանի, չքնե՞նք»:
«Ժողովուրդ» օրաթերթը խնդրի հետ կապված դիմեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ 2018 թվականի հաշվետու ժամանակահատվածում Վարդենիս քաղաքում գրանցվել է անասնագողության ընդամենը 5 դեպք: Բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննական մարմնի վարույթում:
Դատելով իրավիճակից` իրավապահները գողության ոչ բոլոր դեպքերն են արձանագրել, ինչը ենթադրել է տալիս, որ քաղաքացիները հույսները կորցրել են իրավապահներից:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին որոշում է կայացրել եւս երկու ամսով երկարաձգել Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը: Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու մեջ:

 

 

ԽԻՍՏ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ: Վ. Օսիպյանն առանձնահատուկ կարեւորել է բնակարանային գողությունների կանխումն ու բացահայտումը: Կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման առումով հանձնարարեց ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները: Ոստիկանապետը խիստ հրահանգել է նույնիսկ առանց հանգստի աշխատել կարճ ժամանակում տեսանելի արդյունքներ արձանագրելու համար:

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԴՈՒՄ
Տավուշի մարզի Բերդ քաղաքի տներից մեկում երեկ հայտնաբերվել է երկու քաղաքացու դի. նրանք մայր ու որդի են եղել: Արտաքին զննությամբ` քաղաքացիների պարանոցները կտրված են: Նրանց հայտնաբերել են հարեւանները եւ դիմել իրավապահներին: ArmLur.am-ի թղթակցի փոխանցամբ` դեպքի վայրում գրություն է հայտնաբերվել, որում գրված է եղել. «Ես սա արել եմ վրեժխնդրությունից դրդված, քանի որ նա շատ մարդկանց է բռնաբարել»: Ըստ երեւույթին, սպանված տղամարդը նախկինում բռնաբարություն է գործել, եւ նրանից վրեժ է լուծել իր կողմից տուժած մարդկանցից մեկի հարազատը: ՀՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ` հարուցվել է քրեական գործ:

 

 

ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։




Լրահոս