ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որն այժմ մարտի 1-ի գործով մեղադրվում է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՌԴ քաղաքացի է: Հատուկ քննչական ծառայությունն օրերս ՌԴ-ից ստացել է այդ մասին հավաստող պաշտոնական գրություն: Միաժամանակ, ՀՔԾ-ն լրացուցիչ հարցում է ուղարկել պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։
Սա, համաձայնեք, շատ կարեւոր է, որովհետեւ Հարությունյանը ժամանակին լրջագույն պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում. 1994-2007թթ. նա եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՊՆ առաջին տեղակալ, 2007 ապրիլից 2008թ. ապրիլը՝ ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետեւ մինչեւ 2018թ.` ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ: Եթե ճիշտ են ռուսական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն ձեռք է բերել դեռ 2002թվականից, պետք է արձանագրենք, որ գործ ունենք հերթական խայտառակության հետ: Օտարերկրյա քաղաքացին նշանակվել է պաշտոնի, որն առնչվում է ՀՀ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Այնպես որ, կարեւոր է պարզել՝ երբ է Հարությունյանը հաջողացրել ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, արդյոք այն ժամանակվա իշանությունները, նաեւ իրավապահ համակարգը տեղյակ են եղել այս ամենից: Բացի այդ, անհրաժեշտ է պարզել՝ իրավական առումով այն ժամանակ արդյոք թույլատրված էր օտարերկրյա պետության քաղաքացուն այնպիսի պաշտոնի նշանակելը, որն առնչվում է ՀՀ պետական, ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ: Այնպես որ, այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում նոր քրեական գործի հարուցումը: Պարզապես, ամեն ինչ կախված է ՌԴ ուղարկված լրացուցիչ հարցման պատասխաններից:

 

 

 

Կամաց-կամաց ուրվագծվում է նոր կառավարության կազմը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված պաշտոնյաներից ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը եւ բոլոր մարզպետները: Ասել է թե` նրանք չեն գնա խորհրդարան, այլ կպահպանեն նախարարական պորտֆելները: Հայտնի է նաեւ , որ Տիգրան Ավինյանը կմնա փոխվարչապետ: Միաժամանակ, որեւէ փոփոխություն տեղի չի ունենա ուժային կառույցներում. ե՛ւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ե՛ւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կշարունակեն պահպանել իրենց պաշտոնները: Միաժամանակ, նոր կառավարությունը հիմնական շեշտը դնելու է տնտեսության եւ տնտեսական հեղափոխություն իրականացնելու վրա` ընդգրկելով տնտեսական գիտելիքներ ունեցող նոր դեմքերի:

 

 

 

Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Հայաստանում այլեւս արտոնյալներ չպետք է լինեն` Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի գործելաոճը միանգամայն հակառակի մասին է վկայում: Մասնավորապես, Ճամբարակի համայնքի ավագանին այս տարվա մայիսի 18-ին համաձայնություն է տվել համայնքի սեփականություն հանդիսացող, Տիգրան Մեծի 6/32 հասցեում գտնվող բնակարանը նվիրատվության կարգով օտարելու քաղաքացի Գայանե Դանիելյանին: Որպես հիմնավորում` նշված է այն հանգամանքը, որ քաղաքացին չունի բնակարան, ունի անչափահաս երկու երեխա եւ տարիներ շարունակ տիրապետել է այդ գույքը: Արդեն հունիսի 11-ին, Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի որոշմամբ, բնակարանը նվիրատվության կարգով օտարվել է Գայանե Դանիելյանին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Դանիելյանի ընտանիքը նույն հասցեի շենքում ունի 4 հատ բնակարան, թեեւ տեղական իշխանությունների որոշման մեջ նա ներկայացված է որպես անտուն: Դանիելյանի ամուսինը՝ Թարխան Խեչոյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իր անունով երկու բնակարան ունի:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանը վերջերս հայտնվել է աղմկահարույց պատմությունների կիզակետում. նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նույնիսկ նրան մեղադրանք է առաջադրվել զգալի չափերով թմրամիջոցներ պահելու համար: Դեռ 2017թ. դեկտեմբերի 29-ին իրավապահները նրա մոտ հայտնաբերել էին «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Այս քրեական գործը հասել է դատարան, բայց կարճվել համաներման հետեւանքով: Բայց դրանից հետո Շիրինյանը մեկ այլ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել. Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել վիճաբանություն, հնչել էին կրակոցներ: Դեպքի վայրից իրավապահները հայտնաբերել են նաեւ ատրճանակ, որը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր պարզել, ժամանակին նվիրել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Եւ այս քրեական գործով Շիրինյանը հարցաքննվել է. կասկածներ կան, որ ատրճանակը նրան է պատկանել:

 

 

 

ԱՆՋԱՏՄԱՆ ՄԻԱԿ ԵԼՔԸ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է ԼՂ-ին տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ, սակայն Ադրբեջանի կազմում: «Մեր երկիրը ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ ԼՂ հայազգի բնակիչների անվտանգությունը կապահովի, նրանց կտրամադրի բարձր մակարդակի ինքնավարություն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասել է նա: Ըստ Մամեդյարովի` Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի շփումները, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր հանդիպումները ԼՂ կարգավորման գործընթացում «առաջընթացի որոշակի լավատեսություն են ներշնչում»: Միաժամանակ նա պարզաբանել է, որ առաջընթաց ասելով` նկատի ունի «օկուպացված տարածքներից հայկական զորքը դուրս բերելը»:
Հայաստանն, իհարկե, արձագանքել է Մամեդյարովի այս հայտարարություններին, այս անգամ ՀՀ ԱԳՆ խոսնակի միջոցով:
Նկատենք` Բաքուն առաջին անգամ չէ, որ խոսում է Ադրբեջանի կազմում ԼՂ-ին ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին: Բայց այդ հեռանկարը վաղուց բացառված է. ԼՂ-ն որեւէ կարգավիճակով այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ընդ որում` այդ հեռանկարը բացառել է հենց Ադրբեջանը իր գործողություններով: Բավական է հիշել 1988թ. Սումգայիթի, Կիրովաբադի, ավելի ուշ նաեւ Բաքվի դեպքերը: Շատ ավելի թարմ է ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ ժողովրդի հիշողությունը, երբ Թալիշ գյուղում դաժանաբար սպանվել էին քաղաքացիական անձինք՝ տարեց ընտանիք: Թարմ են հայկական սահմանամերձ գյուղերի պարբերական բնույթ կրող գնդակոծության հիշողությունները: Էլ չենք ասում այդ երկրի իշխանությունների հակահայկական քաղաքականության մասին, սեփական ժողովրդին հայատյացություն սերմանելու հետեւողական քայլերի մասին: Ու այս իրավիճակում Մամեդյարովի հայտարարությունները, մեղմ ասած, ծիծաղելի են թվում: Ընդհակառակը, Ադրբեջանն իր քաղաքականությամբ հիմնավորել է ԼՂ խնդիրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարած «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակներում դիտարկելու անհրաժեշտությունը: ԼՂ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների գործողություններից հետո միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։




Լրահոս