Հարց քաղաքացիներից` ժամկետային զինծառայողներն ի՞նչ արտոնություններ ունեն բնակարանի համար վճարվող գույքահարկի դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ժամկետային զինծառայողներն ի՞նչ արտոնություններ ունեն բնակարանի համար վճարվող գույքահարկի դեպքում:

Տիգրան Գեւորգյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով` գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`
1) սեփականության իրավունքով իրենց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի, շինությունների եւ (կամ) փոխադրամիջոցների մասով.
2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող, նույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.
3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող, նույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:
Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, որ գույքահարկի նշված արտոնությունը վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողներին:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` բացառությամբ հետեւյալ դեպքի, երբ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս