Ինչ հանձնաժողովներ կգործեն նոր ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 106-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 112-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում են տասնմեկ մշտական հանձնաժողովներ` հետեւյալ անվանումներով, գործունեության ոլորտներով եւ անդամների ընդհանուր թվով.

1) առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),

2) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայանագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (14 անդամ),

3) գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),

4) եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական Միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ),

5) մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով` մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ),

6) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով` պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ),

7) պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր (15 անդամ),

8) տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ),

9) տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),

10) տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (15 անդամ),

11) ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ):




Լրահոս