
Երեկ Ազգային ժողովի նախագահի տեղակալների քվեարկության ժամանակ հետաքրքիր պատկերի ականատես եղանք: Նախ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանը քվեարկության արդյունքում ստացավ 19 ձայն, այն դեպքում, երբ ԼՀԿ խմբակցությունն ունի 18 պատգամավոր եւ ակնհայտ է, որ մեկ հոգի ձայն է տվել մյուս խմբակցություններից:
Համառ կասկածներ կան, որ Թանդիլյանի օգտին քվեարկել են հենց իշխող «Իմ քայլը» ուժից, եւ սա այն դեպքում, որ նրանք հայտարարել էին միասնական քվեարկելու եւ ԲՀԿ թեկնածուին ձայն տալու մասին: Իսկ, ահա, երեք քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել, ընդ որում` բոլոր երեք փոխնախագահների քվեարկությունների դեպքում նույնքան անվավեր է եղել:
Մեկ հետաքրքիր փաստ եւս. իշխող ուժի թեկնածուն՝ Ալեն Սիմոնյանը, ստացել է 20 դեմ ձայն. սա երկուսով շատ է ԼՀԿ-ի եւ 6-ով քիչ ԲՀԿ-ի մանդատներից: Սակայն այս երկու խմբակցություններն էլ քվեարկությունն ազատ էին թողել, եւ չի բացառվում, որ դեմ քվեարկածներ կարող են լինել հենց «Իմ քայլի» ներսից: