Քանի գիշերային ակումբ է գործում Հրազդանում, և իրականում ինչի՞ց հետո որոշվեց փակել դրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը»:

Հունվարի 13-ին Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանն իր էջում գրեց, որ որոշում է կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը:

Այս որոշումից հետո տարակարծություններ հնչեցին, թե իրականում ինչո՞ւ է քաղաքապետը նման որոշում կայացրել, և արդյոք սա դժգոհությունների տեղիք չի տվել ակումբատերերի շրջանում:

Քաղաքապետը, սակայն, ավելի ուշ հայտարարություն տարածեց` վստահեցնելով, որ նմանատիպ որևէ դժգոհություն չի եղել, իր համար կարևորը ժողովրդի դժգոհությունն է:

Ասել է, թե գիշերային ակումբները Հրազդանում անհարմարություններ են ստեղծել տեղաբնակների համար, աղմուկն ու հանցագործություններն արդեն բնակիչների համբերության բաժակը լցրել էին:

ArmLur.am-ը Հրազդանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե քանի գիշերային ակումբ է գործում քաղաքում: Ի պատասխան մեր հարցի` հայտնեցին, որ դրանք 5-ն են, իսկ լիցենզիայի տրամադրումը համայնքապետարանի լիազորությունների սահմաններում է:

Ի դեպ, քաղաքապետն իր խոսքում նշել էր, որ գիշերային ակումբների գործունեության դադարեցումը Հրազդանում կկրճատի նաև հանցագործությունների քանակը:

Եվ ահա, ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց, թե ինչ հանցագործություններ են գրանցվել Հրազդանի բաժնի վարչական տարածքում գործող գիշերային ակումբներում վերջին երեք տարիների ընթացքում:

Պարզվեց` դրանց թիվը բավականին մեծ է:

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ի պատասխան ArmLur.am-ի հարցման` հայտնեցին, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի վարչական տարածքում գործող գիշերային ակումբներում 2016 թ.-ին արձանագրվել է 5 դեպք, որից 3-ը՝ մարմնական վնասվածք հասցնելու ահազանգով, 2017 թ.-ին արձանագրվել է 9 դեպք, որից 8-ը՝ մարմնական վնասվածք հասցնելու ահազանգով և 2018 թ.-ին արձանագրվել է 3 դեպք, որից 1-ը՝ մարմնական վնասվածք հասցնելու ահազանգով։

Թվերն, իհարկե, խոսուն են: Մնում է հուսալ, որ գիշերային ակումբների բացակայությունը կնվազեցնի հանցագործությունների թիվը:




Լրահոս