Կտեսնենք, թե ինչպես են խորհրդարանում չներկայացված ուժերը հանրության դժգոհ զանգվածին իրենց թևի տակ քաշում. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքաղաքական կյանքի, նոր զարգացումների, կառավարության գործելաոճի, հետհեղափոխական միտումների մասին զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրել էր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն ունի: Տեսակետ հնչեց, որ այդպիսով «Իմ քայլը» չեզոքացրեց իրական ընդդիմությանը: Ի՞նչ կասեք:

-Բոլոր ընդդիմություններն էլ իրական են՝ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ «Լուսավոր Հայաստանը», քանի որ նրանց ժողովուրդն է ընտրել: Իշխող ուժը առաջնորդվել է այն մտայնությամբ, որ փոխխոսնակի պաշտոնում ներկայացված լինի ավելի մեծ ուժ, որին մեծ թվով մարդ է վստահել: Դա նորմալ է: Շուտով շատ մանր բաներ դուրս կգան ջրի երես, եւ այն խաբկանքը, թե խորհրդարանում այլ կարծիքներ չեն լինելու, առավել ակնհայտ կերեւա:

-Այս կառավարության գործելաոճում կա՞ն միտումներ, որոնք Ձեզ դուր չեն գալիս, որոնք անթույլատրելի են:

-Այսպես թե այնպես, բոլորս գնացել ու ընտրել ենք Նիկոլ Փաշինյան անձին։ Ու քանի որ մենք մեր քվեն տվել ենք նրան, նրան էլ պետք է պահանջներ ներկայացնենք: Մինչ այսօր նրա վարած քաղաքականության մեջ ինձ դուր չի եկել երկու բան՝ ասֆալտին փռելու մասին հայտարարություններն ու այն, որ նրա օրոք մտավորականների համար պետական մրցանակներ սահմանելու մասին որոշում կայացվեց ։

-Հայտնի արտահայտությունը՝ «Հեղափոխությունը խժռում է իր զավակներին», որը պատկանում է Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից Դանտոնին, կարո՞ղ է թավշյա հեղափոխության դեպքում էլ կիրառելի լինել: Հնարավո՞ր է, որ հենց Փաշինյանի թիմակիցները «խժռեն» իրեն:

-Ո՞ր հեղափոխությունը չի խժռել իր զավակներին: Փաշինյանի շրջապատը դեռ պառակտվելու է, մի քանի ուժեր են ձեւավորվելու… Ի վերջո, ՀՀՇ-ի օրինակն ունենք աչքներիս առաջ: Եթե այդ ամենը տեղի ունենա դեմոկրատական տարբերակով, ապա ՀՀՇ-ի ճանապարհով կգնան, եթե ոչ դեմոկրատական ճանապարհով՝ ՀՀԿ-ի: Մենք երկուսն էլ տեսել ենք: Կտեսնենք նաեւ, թե ինչպես են խորհրդարանում չներկայացված ուժերը հանրության դժգոհ զանգվածին իրենց թեւի տակ քաշում ու առաջնորդում: Այդ ամենն անխուսափելի է: Մարդիկ, որոնք քսան տարի շարունակ խաբված են եղել, կրկին հուսահատություն են ապրելու, որովհետեւ արագ փոփոխություն են ուզում, իսկ քանի որ դա հնարավոր չէ, տեւական գործընթաց է, իրենց խաբված են զգալու:

-Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ նշել էր, որ 2018-ին Երեւանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել. «Քիչ առաջ լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երեւանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ Սա է Նոր Հայաստանը»,-գրել էր նա: Ի՞նչ եք կարծում, թավշյա հեղափոխությունը Հայաստանում ընթերցանության մակարդակի բարձրացման արդյո՞ւնք է, թե՞ պատճառ:

-Այդ հայտարարությունից հետո առիթ եմ ունեցել հանդիպելու, շփվելու Նիկոլ Փաշինյանի հետ. պարզվեց՝ այդ առումով եւս համակարծիք ենք: Ռեկորդային ասելով՝ նա ներկայիս արդյունքը համեմատել էր չորս-հինգ տարի առաջվա արդյունքների հետ: Մենք այն համոզման ենք, որ ընթերցանությունը մարդկանց գիտակցության զարգացման է բերում: Պարոն Փաշինյանը առաջարկեց ժողով անել եւ հասկանալ՝ ինչպես կարելի է բարձրացնել ընթերցանության մակարդակը: Ուզում եմ շեշտել, որ առաջարկը մենք չարեցինք, այլ հենց ինքը: Ես կարծում եմ, որ հեղափոխությունը նաեւ ընթերցանության մակարդակի բարձրացման արդյունք է, որը իր հերթին սպիրալաձեւ արդյունքի է բերում: Հեղափոխությունը նաեւ կատալիզատոր էր, որը նպաստեց ավելի շատ ընթերցելուն կամ գոնե չընթերցելը չխրախուսելուն: Ինչ-ինչ, բայց չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի սեղանին նույն գիրքը երկու տարի կմնա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս