Հարց քաղաքացիներից` ով իրավունք ունի ստանալ խորհրդային տարիներին բանկում դրված իր գումարի փոխհատուցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․Մայրս իր անունով ավանդ ունի։ Ուզում եմ հստակ իմանալ` նա կարո՞ղ է ստանալ իր գումարը։ Խնդրում եմ մանրամասն ներկայացնել, թե ով իրավունք ունի ստանալ խորհրդային տարիներին բանկում դրված իր գումարի փոխհատուցումը։

Մարինե Իսրայելյան (54 տարեկան, ք․ Արմավիր)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի եւ կառավարության 23.04.2014թ․ N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) համաձայն՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների (այսուհետ՝ ավանդ) դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն՝
1. մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք , այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում
3. ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում․
4. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա․ Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Պատասխանը հուշում է, որ այս սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարող անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն։

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս