ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քնար Մանուկյան
Անցնող 2018 թվականը արժեւորվեց երկու իմաստով. նախ՝ ունեցանք հիասթափության եւ հերթական հուսալքության ժամանակաշրջան, բայց տարվա երկրորդ կեսին մարդկանց մեջ հույս արթնացավ վաղվա օրվա, լավ ապագայի հանդեպ: Ցանկանում եմ՝ 2019 թվականը ապրենք լիահույս, ապրենք հավատով, շատ մեծ ակնկալիքներ ունենք գործող կառավարությունից, 2019 թվականին նրանք մեր շունչը կզգան իրենց թիկունքում, որ չկրկնեն նախորդների սխալները: Եվ, ամենակարեւորը, իմ ավանդական բարեմաղթանքը՝ խաղաղություն մեր երկրին, մեր սահմանը պահող հերոս զինվորներին, բոլոր զինվորականները անփորձանք հասնեն իրենց ընտանիքներին, մենք հպարտ ենք իրենցով: Շնորհավոր Ամանոր, հաղթանակած ու հպարտ հայ ժողովուրդ:

Արման Գալոյան
Սիրելի՛ ընթերցողներ, սրտանց շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով նախ եւ առաջ խաղաղություն, բոլոր մարդկային փափագների իրականացում եւ անձնական երջանկություն, մաղթում եմ այն բոլոր բարիքները, որոնց դուք լիուլի արժանի եք:

Լիաննա Խաչատրյան
Ցանկանում եմ, որ այս գալիք տարին բոլորին երջանկություն բերի: Թող, որ 2019-ում բոլորի երազանքները իրականություն դառնան: Թող բոլորի դեմքին լինի ժպիտ, եւ այն պահպանվի ամբողջ տարվա ընթացքում: Այս գալիք տարին թող մանկան ճիչերը շատ լսվեն: Թող մարդկային կյանքը արժեւորվի այս տարում եւ գնահատվի մինչեւ վերջ: Քա՛յլ արեք դեպի 2019-ը: Դուխո՛վ:
Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ…

Նժդեհ Հովսեփյան
20 տարվա մեջ թերեւս առաջին անգամ միմյանց շնորհավորում ենք անկեղծորեն, առանց սեթեւեթանքի ու արհեստականության:Իսկ 2019 թվական ենք ուղեւորվում հոգեկան հանգստության, նոր ու սրտալից հույսերի, ջերմ ակնկալությունների հսկայական պաշարով: Ուստի գալիք տարին մեր ժողովրդի ու պետության համար թող առանձնանա խաղաղությամբ, ապահովությամբ, ստեղծարարությամբ ու իմաստությամբ: Եվ, հետեւաբար, շնորհավո՛ր ազատ, անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Նոր տարին:

Էդգար Բաղդասարյան
Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի եւ ցանկությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ. մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության: Շնորհավո՛ր Ամանոր: Ցանկանում եմ, որ 2019 թվականը նոր ձեռքբերումների տարի լինի:

Աննա Բաբաջանյան
Մարդուն միշտ հարկավոր են ապրումներ: Մաղթում եմ, որ նոր տարում հոգին ջերմացնող էմոցիաների պակաս չզգացվի: Ամեն մարդ երջանիկ լինելու իր պահը թող որսա, թող ամենասպասվածը գա անսպասելի ու առանց դուռը թակելու:

Նատալյա Պողոսյան
Ուզում եմ, որ 2019 թվականը լինի խաղաղության եւ բարօրության տարի: Թող գալիք տարի կատարվեն բոլորի երազանքները: Մաղթում եմ` 2019-ը լինի հրաշքների տարի:

Հեղինե Մանուկյան
Ճանապարհելով 2018-ը՝ մեծ ոգեւորությամբ թեւակոխում ենք 2019: Նոր տարում մեծ են ակնկալիքներն ու սպասելիքները: Ցանկանում եմ, որ Սուրբ Ծննդյան լույսը մեզ ուղեկցի ամբողջ տարվա ընթացքում: Նոր Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը թող բարօրություն ու առաջընթաց բերի մեր հայրենիքին, խաղաղություն սահմանին եւ բարեկեցություն ժողովրդին: Լիահույս եմ, որ 2019-ը Գյումրու եւ Շիրակի մարզի համար կլինի զարգացման ու առաջխաղացման տարի: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Մարիամ Դանիելյան
Գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ, 2018-ին ժողովրդի կողմից ամրագրված դեմոկրատ արժեքներով ու սիրով…. Շնորհավո՛ր Ամանոր….

Տաթեւ Հարությունյան
Նպատակների բարի տարի,
Թող օրհնանքը չդադարի,
Թող ամեն տուն լցվի հույսով,
Խաղաղությամբ, սիրո լույսով:
Շնորհավո՛ր Ամանոր
եւ Սուրբ Ծնունդ:

Ոսկան Սարգսյան
Մաղթում եմ մեր հայրենիքին խաղաղություն, իմ հայրենակիցներին՝ առողջություն: Մնացածը ստեղծագործ աշխատանքով կարարենք: Թող նոր տարում երջանկությունը, սերն ու խինդը անպակաս լինեն Հայաստանից: Մեր տառապած, մեր փառապանծ ժողովուրդն արժանի է երջանկության:

Սյունէ Համբարձումյան
Շուկաներ վազող մեծեր ու փոքրեր, լիքը տոպրակներ, ընկույզ, չամիչ, մանդարին, խնձոր, տանձ… Տոնածառի խաղալիքներ ու փայլեր, ցրտից կարմրած քթեր ու փայլող աչքեր… Թող գալդ բարի լինի 2019… Թող անցնող տարվա հետ մոռանանք բոլոր դժվարությունները, հիվանդություններն ու դժբախտությունները: Թող 2019-ը այնքան լավը լինի, որ ձեր գրպանի վրա գազի գնի բարձրացումն անգամ չազդի:

Նաիրա Հովհաննիսյան
Իսկապես ստացվեց շատ բուռն եւ փոփոխություններով լի տարի: Վերջապես մարդկանց երեսին հայտնվեց ժպիտ եւ հավատ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես կցանկանամ, որ 2019 թվականին այդ հավատը չկոտրվի, եւ ժողովրդի սպասումներն իսկապես իրականություն դառնան: Մեր ժողովուրդը շատ է սպասել այդ օրվան:

Հովսեփ Հովսեփյան
Ի՞նչն է մեր կյանքը երջանիկ դարձնում: Այն, որ բոլոր հարազատներդ անհոգ ու երջանիկ են: Այս նոր տարում ցանկանում եմ, որ անհոգ լինենք բոլորս,երջանիկ օրերից բաղկացած մի ֆիլմ ունենանք: Թող կործանվի չարը բոլորիս սրտերից, եւ բարին բույն դնի մեր սրտերում: Սիրե՛ք, ժպտացե՛ք, ապրե՛ք:

Լուսինե Մինասյան
«Եթե խոսեմ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է, կամ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են»: Ա.Կորնթ
Եւ, ուրեմն, գալիք 2019-ը թող սիրո տարի լինի:

Անուշ Խաչատրյան
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարդկություն՝ անկախ կրոնական եւ ռասսայական պատկանելությունից, ապրե՛ք խաղաղ եւ մի՛շտ հիշեք՝ ձեր հեքիաթը դո՛ւք եք հյուսում: Ու թող յուրաքանչյուրիդ հեքիաթը լցված լինի հրաշքներով…




Լրահոս