Զարմանալի զուգադիպությամբ վերջին ամիսներին հանցագործների թիրախում իրավապահ համակարգի նախկին ու ներկա պաշտոնյաներն են հայտնվել, որոնց տները ենթարկվում են ավազակային հարձակման կամ թալանվում են:
Անցած տարի գողերը մուտք գործեցին ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տները: Նրանց նպատակը նախկին պաշտոնյաներին թալանե՞լն էր, թե՞ վրեժխնդիր լինելը, դժվար է ասել: Սակայն այդ գործընթացը շարունակվում է նաեւ հիմա:
Ինչպես հայտնի է, 2018 թվականի տարեվերջին թալանեցին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, ինչպես նաեւ փորձել էին թալանել Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տունը: Այս փաստերը պետք է լուրջ քննության եւ մտահոգության առիթ լինեն ուժային կառույցների ղեկավարների համար, քանի որ ակնհայտ է՝ թիրախում հենց իրավապահ համակարգի ներկա ու նախկին պաշտոնյաներն են:
Սա, թերեւս, հետեւանք է անպատժելիության մթնոլորտի, այլ կերպ դժվար է բացատրել կատարվածը:
Եւ իշխանությունները, իրավապահները պարտավոր են օր առաջ միջոցներ ձեռնարկել այդ ամենը կանխելու համար: