Մինչ իրավապահ համակարգը գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումների հիման վրա քրեական գործեր է հարուցում նախկին պաշտոնյաների դեմ իրենից կաշառք վերցնելու համար, Համբարձումյանին նախկին գործընկերները մեղադրում են պարտքերը չվերադարձնելու մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել «Վահան ԵՀԱ» ընկերության նախկին աշխատակիցները` պնդելով, որ ընկերությունը արդեն մի քանի տարի է, ինչ չի վճարում աշխատավարձերը:
Ընկերությունից պարզաբանեցին, որ առաջիկա օրերին կվճարեն պարտքը: «Վահան ԵՀԱ» ընկերության տնօրեն Արամ Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունը` «Լուլիար»-ը, իրենց մոտ 34 մլն դրամ է պարտք, եւ արդեն 6 տարի է, ինչ չի վճարում: «Մեզ ասում է` փող չկա, չունեմ: Մենք էլ չգիտենք, թե ինչպես վարվենք, անգամ դատարան ենք դիմել»,- ասաց Ավետիսյանը:
Բայց մյուս կողմից` նկատենք, որ Համբարձումյանին պատկանող «Լուլիար»-ը դեռեւս 2015 թվականին սնանկ է ճանաչվել: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Սիլվա Համբարձումյանին, որը հարցին՝ ինչո՞ւ չեք վճարում «Վահան ԵՀԱ»-ի պարտքը, արձագանքեց. «Երբ ընկերությունը սնանկ ճանաչվեց, պարտատերերի ժողով հրավիրվեց, իսկ իրենք չեկան, չհերթագրվեցին»: Նշենք, որ «Վահան ԵՀԱ» ընկերությունը ոչ միայն երկրաբանահետախուզական, այլեւ հորատման աշխատանքներ է իրականացնում: