Լևոն Երանոսյանը ոչ մի բանից տեղյակ չի՞ եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը չի իմացել, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում իր դեմ նոր քրեական գործ է հարուցվել: Մեր աղբյուրների պնդմամբ` նա իր մտերիմների շրջապատում կարծիք է հայտնել, որ ոչ մի բանի հետ կապ չունի եւ, առհասարակ, տեղյակ չէ, որ իրավապահները նման բացահայտում են իրականացրել: Ի դեպ, Լեւոն Երանոսյանը ասել է, որ իրեն այս գործի շրջանակներում հարցաքննության չեն հրավիրել եւ, առհասարակ, նա չի պատկերացնում` ինչի մասին է խոսքը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունը պարզել է, որ 2013 թվականից սկսած` ՀՀ ՈԶ զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել է սոցիալական փաթեթ: Սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրված 72.000 ՀՀ դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով: ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի բանավոր հանձնարարության հիման վրա 2013-2018թթ. ընթացքում ՈԶ ենթակայության տակ գտնվող զորամասերի մի շարք զինծառայողների սոցիալական փաթեթներով նախատեսված 72.000-ական ՀՀ դրամ գումարներն ուղղվել են զինծառայողների հանգստի կազմակերպմանը, եւ գործընթացն իրականացվել է Լեւոն Երանոսյանի գիտությամբ զորամաս այցելած տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պայմանագրեր կնքելու միջոցով: 2014 թվականից սկսած` ՈԶ N զորամասի անձնակազմը տեղեկացվել է, որ սոցիալական փաթեթով նախատեսված 72.000 ՀՀ դրամը փոխանցվել է տուրիստական կազմակերպություններին, սակայն զինծառայողներին փաստացի տրվել են 52.000 ՀՀ դրամ արժողության հանգստի ծառայություններ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով` պարզվել է, որ 2012-2018թթ. ընթացքում Լեւոն Երանոսյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ ՈԶ զորամասերի հրամանատարությանը, որ զորամասի ծառայողներն իրենց սոցիալական փաթեթների շրջանակներում հանգստի կազմակերպման վերաբերյալ պայմանագրեր կնքեն իր մատնանշած տուրիստական կազմակերպությունների հետ, եւ որոշ զինծառայողների ընդհանրապես չեն տրամադրվել հանգստի ծառայություններ, իսկ մյուսներին էլ 72.000 ՀՀ դրամ գումարի փոխարեն փաստացի տրամադրվել է 52.000 ՀՀ դրամին համարժեք ծառայություն:

Նկատի ունենալով, որ Լեւոն Երանոսյանը 2012-2018թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, ուստի 2019 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացվել քրեական գործը ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:

Այսպիսով, Հատուկ քննչական ծառայությունում Երանոսյանի դեմ երկրորդ քրեական գործը կքննվի: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն դեռեւս 2018 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրել պաշտոնական լիազորություններն անցնելու եւ 2018թ-ի ապրիլին Բաղրամյան պողոտայում ցույցի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառելու համար: Երանոսյանը չի ընդունում նաեւ այս մեղադրանքը:

Քնար Մանուկյան




Լրահոս