Շիրակի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

H1N1 վիրուսը դեռ ակտիվ է: Շիրակի մարզի բուժհաստատություններում կարանտին է հայտարարված: Վիճակը թեեւ վերահսկելի է, բայց խիստ հսկողություն է սահմանված. կրճատված են տեսակցության ժամերը, բայց հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան: Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում 30 մահճակալի վրա 35 հիվանդ է բուժում ստանում: Բայց, ըստ տնօրենի, խուճապի կարիք չկա. «Անհանգստանալու կարիք չկա, վիրուսները տարածքում սեզոնային բնույթ են կրում, ամեն տարի նույն ժամանակաշրջանում վիրուսների տարածման ակտիվություն է նկատվում, դա նորմայի սահմանում է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գյումրու Մոր եվ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Տոնական օրերից հետո Գյումրիում մեծ հնչեղություն ստացավ Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական փոքրիկի մահվան դեպքը: Ծնողները պնդում էին, որ փոքրիկի մոտ թոքաբորբ է զարգացել, ինչը բուժող բժիշկը չի նկատել: Դեպքը քննության փուլում է: Այն հարցին` արդյոք փոքրիկի H1N1 վիրուսը չի՞ զարգացել, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ԺՊ Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Ոչինիչ չեմ կարող ասել, քանի որ դատաբժշկական փորձաքննություն է ընթանում. այն, որ երեխայի մոտ թոքաբորբ է եղել, միայն քննությունը ցույց կտա: Ես այս պահի դրությամբ իրավասու չեմ ենթադրություններ կատարել»,-ասաց Հասմիկ Պետրոսյանը:

Խիստ գրաֆիկով են աշխատել նաեւ Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում: Այստեղ եւս ազատ մահճակալներ չկան: Մեծ է հատկապես 0-18 տարեկան երեխաների ու հղիների թիվը. նրանք ռիսկային խմբերում են: «Աողջապահության նախարարությունը մեզ տեղեկացրեց, որ շրջանառվում է H1N1 վիրուսը. այդ հայտարարությունից հետո արտակարգ ռեժիմով ենք աշխատել: Շատ ծանր դեպքեր ենք ունեցել, բայց ամեն ինչ վերահսկելի է»,- նշեց Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը:

Հունվարի առաջին 14 օրերի ընթացքում Շիրակի մարզում գրանցվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության 308 դեպք, նրանցից 188-ը՝ 0-18 տարեկաններ, գրանցվել է թոքաբորբի 48 դեպք, նրանցից 16-ը` երեխաներ, նաեւ ջրծաղիկի 47 դեպք: Գրանցված սուր շնչառական 308 հիվանդից հոսպիտալացվել է 28-ը: Հունվարի 18-ի դրությամբ սուր շնչառական վարակների 595 դեպք է արձանագրվել, որոնցից 88-ը հոսպիտալացվել են:

Շիրակի մարզի դպրոցներում էլ բացակաների թիվն է մեծ: Եթե դասերի վերսկսման առաջին օրերին հիվանդ երեխաներին տուն էին ճանապարհում, ապա այս օրերին նման դեպքեր չեն արձանագրվել: Բայց ծնողներն էլ բողոքում են, որ արձակուրդները չերկարաձգվեցին: Եթե գոնե 10 օր ավելացնեին արձակուրդները, ապա վիրուսը նման ձեւով չէր տարածվի:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս