Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի գործերը այնքան էլ լավ չեն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի նոյեմբերի 30-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ «Արգիշտի-1» ՍՊԸ-ի: Իսկ այդ ընկերությունը կապվում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի անվան հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ այս գործով նաեւ որպես պատասխանող երրորդ անձ են ներգրավվել Լյովա Մելիքյանն ու Արման Դարբինյանը:
Բանկը դատարանից պահանջում է նախկին քաղաքապետից եւ գործող անձանցից գումար բռնագանձել եւ բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածել: Մեզ հայտնի դարձավ, որ գումարի չափը կազմում է շուրջ 20 միլիոն դրամ: Ի՞նչ գումարի մասին է խոսքը եւ ինչո՞ւ է Սամվել Դարբինյանը հայտնվել նման իրավիճակում. այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ անձամբ նախկին քաղաքապետից, սակայն պարզվում է՝ նա տեղյակ չէր: Մեր հարցին ի պատասխան` Սամվել Դարբինյանն ասաց. «Անկեղծ ասած` տեղյակ չեմ, ինձ նման փաստաթուղթ չեն ուղարկել»:
Մեր այն հարցին` կարո՞ղ է սնանկ եք ճանաչվում, նախկին քաղաքապետն ասաց. «Չէ՛, նման բան չկա, այդ հարցերով եղբայրս է զբաղվում, նրան այսօր վիրահատել են, նման գումարների հարց կար, բայց գումարները վերադարձվել է, եւ այլեւս սնանկացման հարցը չկա: Ճիշտ է, ես այնտեղ սեփականատեր եմ, բայց հիմա այդ հարցերով չեմ զբաղվում. այն հանձնել եմ հավատարմագրված օգտագործման, բայց, ամեն դեպքում, կփորձեմ հասկանալ` ինչ խնդիր կա»:
Նշենք, որ դատարանը գործը հետ էր ուղարկել բանկին հայցադիմումի թերությունները վերացնելու համար:
Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ