Հարց քաղաքացիներից` հաշմանդամություն ունեցող անձը ե՞րբ կարող է մասնակցել հաշմանդամի վերափորձաքննության գործընթացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Հաշմանդամություն ունեցող անձը ե՞րբ կարող է մասնակցել հաշմանդամի վերափորձաքննության գործընթացին: Եվ խնդրում եմ ասել` կոնկրետ որ դեպքերում է տրվում անժամկետ հաշմանդամություն:

Մելինե Ռոստոմյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Մ․ Ռոստոմյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ`

ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,

բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով, առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,

գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Տեղեկացնենք, որ բոլոր հաշմանդամներն ունեն անվճար բուժման արտոնություն: Բոլոր հաշմանդամները, իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս