Շաբաթ օրը՝ հունվարի 19-ին հացահատիկահավաք կոմբայն տարվեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղ: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այդ կապակցությամբ Կոթի էին ժամանել Տավուշի մարզից ԱԺ նորընտիր պատգամավոր Սիփան Փաշինյանը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, գործարար Արմեն Վահանյանը, խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:
Այդ կոմբայնը ձեռք է բերվել ԱԺ նորընտիր պատգամավոր Սիփան Փաշինյանի նախաձեռնությամբ: Կոթի գյուղում Սիփան Փաշինյանը ArmLur.am-ին հայտնեց, որ ամիսներ առաջ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի եւ Արմեն Վահանյանի նախաձեռնությամբ գյուղատնտեսական տեխնիկա էր նվիրվել Նոր Կյանք համայնքին, այն ժամանակ որոշվեց, որ կոմբայն նվիրվի նաեւ սահմանամերձ Կոթիին:
Սիփան Փաշինյանի փոխանցմամբ` նախընտրական քարոզարաշավի ժամանակ Կոթիի բնակիչներն իրեն մտահոգություն էին հայտնել, որ հացահատիկահավաք կոմբայն չունեն, բերքահավաքի շրջանում դժվարանում էին այլ գյուղերից կոմբայն բերել Կոթի:
Զարեհ Սինանյանն ասաց, որ սահմանագոտու հողերը չպետք է անմշակ մնան, և այդ նպատակով է կոմբայն նվիրաբերվել Կոթի գյուղին: Զարեհ Սինանյանն այդ գործին աջակցողների թվում նշեց նաեւ գործարար Ալեքս Մարգարյանի անունը:
Ոսկան Սարգսյան