Պն-ն խզել է պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեներալական համազգեստ չմատակարարելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը հունվարի 11-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է «Մադէլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարության եւ ընկերության միջեւ անցած տարվա հունիսի 15-ին պայմանագիր էր կնքվել, ըստ որի` «ՄԱԴԷԼ»-ը ՊՆ-ին պետք է մատակարարեր 15 հատ երկարաթեւ, սպիտակ գույնի, գեներելական վերնաշապիկ, 40 հատ երկարաթեւ, դեղնականաչավուն գույնի, գեներելական վերնաշապիկ եւ 40 հատ կարճաթեւ, դեղնականաչավուն գույնի, գեներելական վերնաշապիկ: Սակայն պարզվում է, որ ընկերությունը մինչ օրս ոչ մի մատակարարում չի իրականացրել:

Արդյունքում նախարարությունը միակողմանի լուծել է ընկերության հետ կնքած պայմանագիրը: Ավելին, ՊՆ-ն ընկերությանը պարտավորեցնում է վճարել մոտ 31 հազար 600 դրամ տույժը եւ գանձման ենթակա 45 հազար 790 դրամ տուժանքը:

Հիշեցնենք, որ «Մադէլ»-ը առաջին ընկերությունը չէ, որի հետ ՊՆ-ն խզում է կնքած պայմանագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը ամիսներ առաջ գրել էր, որ ՊՆ-ն պայմանագիր ոչ միայն խզել էր կարտոֆիլ մատակարարող «Դեագա» ընկերության հետ, այլեւ գնումների բողոքարկման խորհրդից պահանջել էր ընկերությանը ներառել սեւ ցուցակում: Հավանաբար «Մադէլ» ընկերությանը եւս այս ճակատագիրն է սպասվում: Ընկերության հետ կապ հաստատել չստացվեց, քանի որ համացանցում կոնտակտային տվյալները բացակայում են: Հետաքրքիր է՝ ինչպես է ՊՆ-ն այսպիսի ընկերությունների գտնում, նրանցից ծառայությունների մատակարարում ակնկալում, եթե վերջիններիս կոնտակտային տվյալներն անգամ համացանցում չկան:




Լրահոս