
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղի 30-ամյա բնակիչ Արման Միքայելյանը, ով հունվարի 17-ին իրենց գյուղի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է, դեռեւս գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Նրա աջ ոտնաթաթը պոկված է: Բարեկամավան գյուղի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ Արմանը 3-րդ խմբի հաշմանդամ է, նա տառապում է տկարամտությամբ:
Գյուղի վարչական ղեկավարից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, թե Արմանը ցանկանում էր Ադրբեջան գնալ: Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ ինքը հարցրել է Արմանին, թե նա ինչպես է հայտնվել սահմանագոտու ականապատ հատվածում: Արմանը պատասխանել է, թե ցանկանում էր գնալ հայ սահմանապահների մոտ, որպեսզի նրանցից ծխախոտ խնդրեր: