Երեկ ՀՀ վարչապետի որոշմամբ` աշխատանքից ազատվել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը։ Տեղի ունեցածը դժգոհություններ է առաջացրել բնապահպանների մոտ. Գրիգորյանն ինքն էլ ժամանակին բնապահպան ակտիվիստներից է եղել: Նրանց պնդմամբ` Գրիգորյանը սրտացավ է աշխատել՝ մտածելով երկրի բնապահպանական խնդիրները լուծելու մասին։ Ու հիմա բնապահպանները, որպես իրենց ընկերոջն աջակցություն, հանրային նամակով պատրաստվում են դիմել վարչապետին։
Նշենք, որ վարչապետի որոշման մեջ որպես Գրիգորյանին աշխատանքից ազատելու հիմք նշված է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին կետը: Իսկ այնտեղ նշված է. «Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում եւ նրա նկատմամբ խրախուսման եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը` Խորհրդի ներկայացմամբ»:
Երեկ Արթուր Գրիգորյանը, համացանցի իր էջում անդրադառնալով պաշտոնանկությանը, ներողություն է խնդրել, որ հեռախոսազանգերին չի պատասխանում, եւ հավելել. «Չգիտեմ` ինչ պատասխանեմ»: Ասել է թե` Գրիգորյանի պաշտոնանկությունը եղել է խիստ անակնկալ նաեւ իր համար: Ու տեսչության աշխատակիցներն էլ պնդում են, որ տեսչական մարմնի համակարգող խորհուրդը տեղյակ չի եղել որոշումից, նիստ չի անցկացրել, որպես այդպիսին, վարչապետին առաջարկ չեն ներկայացրել: Ավելին` երեկ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը աշխատանքի է եկել սովորականի պես եւ իր աշխատանքից ազատման մասին տեղեկացել է մամուլից։
Բնապահպանները պնդում են, որ Գրիգորյանի հետագա պաշտոնավարումը բնապահպանության ներկայիս նախարար էրիկ Գրիգորյանի սրտով չի եղել։ Ըստ շրջանառվող վարկածի` Գրիգորյանը այս պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո սկսել է ստուգել ՀՀ հանքարդյունաբերական խոշոր ընկերությունները։ Չէ՞ որ նրա ղեկավարած կառույցի ստուգումների արդյունքում այսօր չի աշխատում «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը պետք է շահագործեր Ամուլսարը, Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Ավելին, Ամուլսարին օգտագործման թույլտվություն տալու հետ կապված քրեական գործ է հարուցված: Բացի այդ, տեսչական մարմինը նախորդ տարի բնապահպանական խախտումների համար 387 միլիոն դրամով տուգանեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող «Էյ Սի Փի» ընկերությանը: Իսկ ահա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեսչական մարմինը նախորդ տարվա սեպտեմբերի 10-ից ստուգումներ էր իրականացնում եւ հոկտեմբերի վերջերին որոշում կայացրեց ստուգումները 75 օրով երկարացնելու մասին:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ. Արթուր Գրիգորյանը չպատասխանեց նաեւ մեր հեռախոսազանգերին: Իսկ վարչապետը դեռ չունի մամուլի խոսնակ. նախկին խոսնակը դարձել է ԱԺ պատգամավոր:
Սյունէ Համբարձումյան