ՍԴ դատավորը հաղթեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը հաղթեց ՍԴ աշխատակազմին: Ինչպես հայտնի է, Գյուլումյանը դատի էր տվել ՍԴ աշխատակազմին, քանի որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել իր աշխատավարձը` արդյունքում վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում, այս խնդիրը նոր չէ, այլ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին, խնդիրը լուծում չի ստացել նաեւ Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահության օրոք: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր Ալվինա Գյուլումյանի հետ, եւ վերջինս պատմել էր. «Եվրոպական դատարանի իմ աշխատած տարիները չեն համարել դատավորի աշխատանքի ստաժ:

Դեռեւս 2014 թվականին էի դիմել, ասել էի` հաշվարկե՛ք, չէին արել` ասելով, որ մեր օրենքով դա ստաժ չի համարվում, հետո դատական օրենսգրքում միջազգային դատարաններում աշխատանքը նշվեց, որ համարվում է դատավորի փորձառություն, եւ դրա հիման վրա խնդրեցի` վերահաշվարկ կատարեն, չկատարեցին, դիմեցի դատարան»:

Արդյունքում, 2019 թվականի հունվարի 18-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրողզյանը հրապարակեց վճիռը` ընդդեմ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի: Ըստ այդմ, դատարանը պարտավորեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին Ալվինա Գյուլումյանի համար հաշվարկել եւ վճարել հավելավճար` իր աշխատավարձի 130 տոկոսի չափով, այն է` 840 հազար 047 դրամ:




Լրահոս