Ընդդիմադիր պատգամավորներն ակտիվ են, նորեկները` ոչ. փաստեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած յոթերորդ գումարման խորհրդարանը մի քանի օր է, ինչ սկսել է իր աշխատանքները, նորընտիր պատգամավորներն ԱԺ այս նստաշրջանում բավական ակտիվ էին, բայց ավելի շատ ելույթների ու հարցադրումներ հնչեցնելու առումով: Իսկ ահա օրենսդրական նախաձեռնությունները նոր-նոր են սկսել ներկայացնել, այն էլ՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները միայն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ արդեն հինգ օրենսդրական նախաձեռնություն է դրված շրջանառության մեջ, որոնցից երեքը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների, երկուսն էլ` ԲՀԿ խմբակցության պատգամավորների կողմից: Իսկ ահա իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեռեւս օրենսդրական նախաձեռնություն չեն ներկայացրել:

Հետաքրքիր է, սակայն, որ նախօրեին տեղի է ունեցել խմբակցության նիստ, եւ ղեկավար Լիլիթ Մակունցի հավաստմամբ` քննարկվել են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից ճշտել` պատգամավորներն ակտիվ կլինե՞ն օրենսդրական նախաձեռնությունների առումով, թե՞ այդ գործը կազմակերպելու առյուծի բաժինը կրկին կհասնի կառավարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահագն Հովակիմյանը նկատեց, որ ամբողջ աշխարհի պրակտիկայում ընդունված է, որ օրենսդրական նախաձեռնությունների առյուծի բաժինը հասնում է գործադիրին: «Նրանք ավելի օպերատիվ եւ ստույգ են տիրապետում, թե ինչ փոփոխություններ են պետք: Այնպես չէ, որ մենակ մեզ մոտ է այդպես, դա գրեթե բոլորն երկրներում է այդպես: Դա նորմալ է, եւ այդպես էլ պետք է լինի: Հակառակ դեպքում օրենսդիրը կարող է փոփոխություն ընդունել, որը գործադիրին փաստի առաջ կկանգնեցնի», – նկատեց Հովակիմյանը:

Միեւնույն ժամանակ իշխող խմբակցության պատգամավորը հայտարարեց, թե խմբակցությունը ակտիվ է լինելու ավելի, քան երբեւէ եղել են իշխող քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Ինչպես նշեցինք, այս պահին շրջանառության մեջ պաշտոնապես դրված հինգ նախագծերից երեքը շրջանառության մեջ են դրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները: Դրանցից երկուսը հեղինակել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելուն, մյուսն էլ` արդեն նույն օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուն: Օրինակ` վերջինով Էդմոն Մարուքյանն առաջարկում է փաստել, որ «Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը, այդ թվում՝ փաստաբանին, կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով»:

Իսկ, ահա, մյուս նախաձեռնությունը խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանինն է եւ վերաբերում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Գեւորգ Գորգիսյանն առաջարկում է երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը եւ, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

Արդեն ԲՀԿ-ի կողմից շրջանառության մեջ դրված նախագծերից մեկը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը, մյուսն էլ` Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս առաջարկում է փոփոխություն կատարել «Կրթության մասին» օրենքում եւ ամրագրել, որ առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը: Որպես հիմնավորում նա նշում է. «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ոլորտում ներկայումս գոյություն ունեցող հիմնախնդիրներից իր սոցիալական նշանակությամբ հատկապես առանձնանում է ուսման վարձի վճարման հետ կապված խնդիրը, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող, սակայն սոցիալական ոչ բարենպաստ պայմաններում գտնվող անձանց համար: Ընդ որում, խնդիրը կապված է ոչ միայն ուսման վարձի մեծ չափերի, այլ նաեւ դրա վճարման մեխանիզմի հետ»: Իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ կրկին առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»:

Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ դեռեւս նստաշրջանների օրակարգերում չընդգրկված նախագծերի բաժնում մոտ 70 օրենսդրական նախաձեռնություն է առկա: Մեզ հետ զրույցում Վահագն Հովակիմյանը բացատրեց, որ այդ նախագծերը քննարկելու համար դրանք պետք է կրկին դրվեն շրջանառության մեջ` լինի կա՛մ կառավարության, կա՛մ պատգամավորների կողմից, իսկ մինչ այդ դրանք պարզապես քննարկման չեն կարող ներկայացնել: Իսկ մեր այն դիտարկմանը, որ այդ նախագծի մեծ մասի հեղինակները ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են, Հովակիմյանը դա արգելք չհամարեց` նկատելով, որ եթե դրանք կարեւոր են եւ խելամիտ, ապա իրենց կողմից կդրվեն շրջանառության մեջ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս