Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների արտադրության ու սպառման ծավալներն այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին նվազել են:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 11 ամիսներին մեր հանրապետությունում արտադրվել է 243 հազար 100 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 249 հազար 100 տոննայի դիմաց: Ըստ մասնագետների` այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Հայտնի փաստ է` որքան պակասում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները:
Եթե հացի արտադրության ծավալների նվազման միակ պատճառը արտագաղթն է, ապա աղի դեպքում ներկրումն է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանում աղի արտադրության ծավալների ռեկորդային անկում է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 29 հազար 120 տոննա աղ, ապա անցած տարվա նույն ժամանակահատվածում աղի արտադրության ծավալները կազմել են 20 հազար 716 տոննա: Ասել է թե` աղի արտադրությունը նվազել է 28.9 տոկոսով:
Ամենայն հավանականությամբ, պատճառն աղի ներկրման ծավալներն են, երբ բնակչությունը գերադասել է օգտվել այլ երկրի արտադրանքից: Ի դեպ, իրանական արտադրության մեծ քանակությամբ աղի ներկրման մասին չի դադարում ահազանգել Հայաստանում աղ արտադրող միակ ձեռնարկությունը` «Ավանի աղի կոմբինատը»: Ընկերության տնօրեն Արեգ Ղուկասյանի խոսքերով` այն մաքսազերծվում է «ծիծաղելի գներով», սահմանին իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղի քիմիական բաղադրությունը չի ստուգվում:
Սյունէ Համբարձումյան