Երկրաբան ձյուդոիստից` ռազմական դիվանագետ. Դավիթ Տոնոյանի կենսագրության հետաքրքիր դրվագները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր համարներից մեկում անդրադարձել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կենսագրության մանրամասներին: Ներկայացնում ենք մեր հրապարակման շարունակությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 51 տարեկան է, ծնվել է Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում, 4 տարեկան է եղել, ծնողների հետ վերադարձել է Հայաստան: Ապագա նախարարը մասնագիտություն ընտրելիս գնացել է հոր հետքերով. ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: Նա, սակայն, մասնագիտությամբ չի աշխատել եւ իր հարցազրույցներից մեկում ասել է, թե չի փոշմանել դրա համար: Նա 1992-1994թթ. աշխատել է ՆԳՆ համակարգում` նոր կազմավորվող Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում` որպես օպերլիազոր, այնուհետեւ` ավագ օպերլիազոր: 1994 թվականին որոշակի փորձ ձեռք բերած երիտասարդների թվում նրան էլ տեղափոխել են Ռազմական ոստիկանություն: Նկատենք, որ ուսանողական տարիներին Տոնոյանը հասցրել է սպորտի վարպետության թեկնածու դառնալ ձյուդոյից, եւ, իր իսկ խոսքով, ձյուդոն բավական բան է փոխել իր բնավորության մեջ:

Երկրորդ մասնագիտությունը Տոնոյանը ձեռք է բերել ավելի ուշ՝ 1997-ին. ավարտել է նախկին ԽՍՀՄ եւ այսօրվա Ռուսաստանի ամենաէլիտար ռազմական ուսումնական հաստատություններից մեկը՝ ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան, իսկ արդեն 1998-ին մեկնել է Բրյուսել, որտեղ աշխատել է մոտ 10 տարի` սկզբում որպես ՀՀ ԶՈՒ փոխգործողության սպա Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի շտաբում, այնուհետեւ` ՊՆ ներկայացուցիչ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Տոնոյանը Պն-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եւ, ինչպես ասում են, «բյուրոկրատական չինովնիկի» հարուստ փորձ ունի: Մասնավորապես շուրջ յոթ տարի ՊՆ «երկրորդ դեմքի» տիտղոսն էր կրում՝ լինելով Պնախարարի առաջին տեղակալ:

Նշենք, որ երբ Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանից հետո ՊՆ նոր ղեկավարի նշանակման մասին էր մտմտում, ՊՆ-ում շատերն էին կարծում, որ Սարգսյանի ընտրությունը կանգ կառնի հենց Տոնոյանի վրա՝ որպես ոլորտում երկարատեւ պրոֆեսիոնալ ծառայություն անցած մարդ, որը դեմքով, անուն-ազգանունով, անցած մարտական կամ ծառայողական ուղով ճանաչում է մեր բանակի սպայակազմի մեծամասնությանը: Սակայն նախկին նախագահը ընտրեց մեկ այլ կաբինետային չինովնիկի՝ իր աճեցրած կադրերից մեկին՝ Վիգեն Սարգսանին, որն այդ պաշտոնում նշանակման հենց սկզբից խիստ քննադատության ենթարկվեց. նրան ուղղված բազում մեղադրանքներից ամենահնչեղը բանակում ծառայած չլինելն էր:

Ի դեպ, երբ Տոնոյանի երբեմնի վերադասի՝ Սեյրան Օհանյանի կինը սկանդալային հայտարարություն արեց իր երբեմնի պացիենտներից մեկի մասին, ով ժամանակին կարողացել էր խուսափել ծառայությունից, եւ նկարագրեց փնտրվող պաշտոնյային՝ հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ փորով, Քիմ Քարդաշյանի շրթունքներին նմանվող շուրթերով, լրագրողները ԱԺ-ում մեկնաբանություն խնդրեցին Տոնոյանից՝ փորձելով ճշտել՝ ում նկատի ուներ տիկին Ռուզանը:

ԱԻ այդ ժամանակվա նախարարը հարցը լսելուց հետո հազիվ զսպեց ծիծաղը, սակայն գերադասեց չգաղտնազերծել իր վերադասի տիկնոջ հայտարարությունը:

Նկատենք, որ Վ. Սարգսյանի օրոք տրվեց ՊՆ-ում բարեփոխումների ու մի շարք ծրագրերի մեկնարկը, որոնք շարունակվում են նաեւ նոր կառավարության օրոք: Մեծ աղմուկ հանեց մասնավորապես «Ազգ-բանակ» հայեցակարգը, զինծառայողների ապահովագրության՝ այսպես կոչված «1000 դրամների նվիրաբերման» հիմնադրամի ներդրումը, տարկետման իրավունքը վերացնող օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղեկցվեց ուսանողների շրջանում օրեր տեւած բողոքի ակցիաներով ու ընդվզումներով:

Բողոքի միջոցառումներ եղան նաեւ Տոնոյանի պաշտոնավարման անցած ամիսներին. առիթը ՊՆ-ի նախաձեռնած զինվորական կոմիսարիատների օպտիմալացման ընթացիկ գործընթացն էր, որի արդյունքում կադրային կրճատումներն անխուսափելի են: Հիշեցնենք, որ զինկոմիսարիատների խոշորացման գաղափարը նախկին կառավարության ժառանգությունն է, եւ այդ մասին ազդարարել էր դեռեւս նախկին նախարար Վ. Սարգսյանը ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ: Ու Տոնոյանը շարունակում է պահպանել այդ ժառանգությունը:

Նախարարի որդին մեկնել է ծառայության

Դ. Տոնոյանը երկու երեխա ունի՝ Էմիլիան եւ Էդգարը: Որդին նախորդ տարի ամռանն է բանակ զորակոչվել. այդ նույն շրջանում բանակ զորակոչվեց նաեւ վարչապետ Փաշինյանի որդի Աշոտը: Ընթերցողը կհիշի, թե ինչպես զայրացրեց Պնախարարին լրագրողների գերհետաքրքրությունը Աշոտի նկատմամբ, ովքեր բառացիորեն կրկնկակոխ հետեւում էին նրա ամեն մի շարժին: «Հազարավոր տղաներ են մեկնում ծառայության, ինչի՞ համար է այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն ճանապարհելը շատ գովելի է, սակայն այսքան ուշադրությունը ճիշտ չէ»,–շեշտեց նա։ Էդգարն ու Աշոտը ծառայում են Արցախում:

Թվեր

Նշենք նաեւ, որ 2019-ի բյուջեով ավելացել է Պաշտպանության նախարարությանը հատկացված գումարը՝ 256,4 միլիարդ դրամ կամ 528,7 միլիոն դոլար: 2018 թ-ի բյուջեի համեմատ` աճը կազմում է 13,6%: Ֆինանսավորումը, ինչպես հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը, կուղղվի գրեթե բոլոր ուղղություններին, բայց առաջնահերթությունը կտրվի զենք-զինամթերքի նոր նմուշների ձեռքբերմանը:

Հեղինե Մանուկյան




Լրահոս