2018 թ․ նոյեմբերի 28-ին հայկական ժողովրդական հանրահայտ պարը՝ քոչարին` որպես Նախիջեւանի ազգային խմբակային պար, ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (գրանցվեց յալլը անունով՝ փակագծում՝ քոչարի, թենզերե. Yalli (Kochari, Tenzere), traditional group dances of Nakhchivan)։ Այսինքն՝ այն գրանցվեց որպես Նախիջեւանի ավանդական խմբային պար:
Ի՞նչ կարող էր անել հայկական կողմը այս իրողությունից խուսափելու համար եւ ի՞նչ կարող է անել հիմա: Նախիջեւանագետ Արգամ Այվազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց՝ սա ակնհայտ ոտնձգություն է հայկական մշակույթի նկատմամբ. «Փաստենք, որ այդօրինակ ոտնձգությունների Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ դիմել ու դիմում է։ Ինչ վերաբերում է մեր պատասխանատուներին ու Մշակույթի նախարարությանը (առաջիկայում հավանաբար կլինի վարչություն), ապա նրանք իրենց գործունեությամբ շատ թույլ են Ադրբեջանի այսպիսի քարոզչական ագրեսիաների դեմ պայքարելու գործում, քանզի շատ շատերի մոտ բացակայում են ազգային, պետական գործչի մասնագիտական կարողություններն ու իմացությունները»:
Նա հատկապես կենտրոնացավ նախիջեւանյան գործոնի վրա՝ նկատելով, որ այն օգտագործվում է, որպեսզի Նախիջեւանը բոլոր առումներով ներմուծվի ադրբեջանական ոլորտ. «Քանզի հայկական հուշարձանները հիմնահատակ ավերեցին եւ մնացին անպատիժ։ Եվ բարբաջում են, որ այդտեղ առհասարակ հայկական ոչինչ չի եղել։ Մեր իշխանությունների ու գիտական միջավայրի լռությունն է նրանց արտոնում, որ Նախիջեւանը «դարձնեն» ադրբեջանական։ Ցավոք, սա փաստ է եւ մեզ համար շատ ամոթալի»,-ընդգծեց նախիջեւանագետը:
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պետք է եւ ի՞նչ կարող է անել հայկական կողմն այս պարագայում. «Լավ է, որ մշակույթի գործիչները, լրագրողները, Սփյուռքը այս եւ նմանատիպ հարցերի շուրջ մեծ աղմուկ են բարձրացնում: Սա նշանակում է, որ մենք իրազեկ ենք եւ մեր ուշադրության ներքո ենք պահում խնդիրը: Բայց սա միակ բանն է, որ կարող ենք անել առանց խախտելու որեւէ իրավական, միջազգային նորմ»,-պատասխանեց տիկին Ղարիբյանը:
Բոլորովին այլ է նախիջեւանագետի տեսակետը. «Նախարարությունը ինչ որ պիտի աներ, պետք է արած լիներ մինչեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այդպիսի որոշման վերաբերյալ քննարկումները»,-պնդեց նա:
Իսկ ահա տիկին Ղարիբյանն այն համոզման է, որ ոչ պաշտոնական հասարակական կարծիքն էլ կարող է բավարար աղմուկ հանել, բանավեճ ծավալել, բայց պարի պաշտոնական գրանցմանն իրենք չեն կարող խառնվել. «Իհարկե, Մշակույթի նախարարությունն ունի իր դերը, բայց մենք ոչ մի քայլ չենք անում առանց Արտաքին գործերի նախարարության հետ համաձայնության: Ամեն դեպքում, այս հարցը միշտ էլ մեր ուշադրության կենտրոնում է, այս խնդիրներն անընդհատ առկա են, բայց, միեւնույն ժամանակ, բոլոր դեպքերում, քոչարին ինչպես էլ որ գրանցեն, այն մնում է քոչարի, եւ մենք շարունակելու ենք այն պարել»,- տեսակետ հայտնեց տիկին Ղարիբյանը:
Հավելենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքի տվյալներով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված հայտը ընթացքի մեջ է մտել 2017-ի սեպտեմբերից։ Սա նշանակում է, որ հայկական կողմը չէր կարող տեղյակ չլինել ադրբեջանական կողմի նախաձեռնությունից:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ այս հարցում հիմնական դերակատար է եղել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան: Հատկապես եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ հայկական արժեքներն իրեն վերագրում՝ այդ գործընթացում ներգրավելով նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւ է հայկական կողմն այսքան պասիվ այս գործընթացներում, ինչու՞ է իրողությունը գրանցվում, եւ հետո նոր մենք իմանում ենք այդ մասին, եւ ի՞նչ զենքերով ենք մենք պատրաստվում պայքարել այն պարագայում, երբ պետական մարմինների ներկայացուցիչներն այն համոզման են, որ ոչ պաշտոնական աղմուկի բարձրացումը, բանավեճի ծավալումը մեր միակ զենքն է:
Անի Անտոնյան