ՀԱՐՑ. Եթե անձը պետտուրքի գումարը սահմանված ժամկետում չի վճարել, ապա տույժ պե՞տք է վճարի:
Նարինե Պետրոսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի դրույթների համաձայն` պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ:
Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաեւ դրանց համար նույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:
Նույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչեւ առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի վրա նշված փաստաթղթերի տրման ամսաթվից ոչ ուշ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: