Գևորգ Գորգիսյանը պարգևավճար է ստացել, բայց դեմ է դրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում բուռն քննարկման առիթ դարձավ պետական կառավարման համակարգի աշխատակիցներին պարգեւավճարներ, նաեւ 13-րդ աշխատավարձ տալու հարցը: Սա հասարակության որոշ շրջանակների մոտ դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Այս թեմային երեկ անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այս առումով զավեշտալի էր հետեւել, թե ինչպես են ԱԺ պատգամավորներ քննադատում կառավարության կամ մարզպետարանի ներկայացուցիչներին, որ նրանք պարգեւավճար են ստացել կամ տվել, չեն ասում, որ իրենք նույնպես դեկտեմբերին ստացել են էդ 13-րդ աշխատավարձը, ինչը, համենայնդեպս, վերջին տարիներին ավանդույթ է:

… հիմա էլ ասուլիսներ են հրավիրում եւ ասում՝ ո՞նց կարելի է, չեն ասում, որ լուծարված խորհրդարանի պատգամավոր լինելով՝ ստացել են, բայց պետական կառավարման համակարգի այլ աշխատակիցների ստանալուց խոսում են։ Ես էլ պատգամավոր եղած ժամանակ միշտ էլ ստացել եմ, եւ բոլորն են ստացել, եւ երբ ես ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ասել եմ՝ վատացնող ոչ մի քայլ չձեռնարկեք, մինչեւ աշխատավարձերի հետ կապված այս թնջուկը լուծենք»:

Ի դեպ, հիմնական քննադատողները «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներն էին, որոնց մի մասը, նախորդ խորհրդարանում լինելով պատգամավոր, ստացել է 13-րդ աշխատավարձ: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հետ.

-Պարո՛ն Գորգիսյան, Դուք ստացե՞լ եք 13-րդ աշխատավարձ:

-Այո՛, ստացել եմ: Բայց դա նորմալ պրակտիկա է, որովհետեւ 12 ամիս մենք աշխատել ենք:

-Բա ինչո՞ւ եք քննադատում:

– Հիմա քննդատվում է մի քանի ամսվա աշխատողներին տրված պարգեւավճարները, այն էլ` աշխատավարձի եռապատիկի չափով: Սա այն պարագայում, երբ այդ մարդիկ չեն հասցրել ցույց տալ իրենց աշխատանքը եւ որակները: Ի՞նչ է նշանակում` մարդը ինքն իրեն պարգեւավճար է տալիս: Երեւանի դեպքում, օրինակ, ցուցակները չի հրապարակվում, որ հանրությունը հասկանա, թե որտեղ են ծախսվել իր գումարները եւ ինչի համար: 13-րդ աշխատավարձը պետք է լինի աշխատավարձից ոչ ավել: Բայց հիմա ունենք դեպքեր, երբ դրանից ավել է եղել:

-Դուք նախկինում պարգեւավճար ստացել եք հենց աշխատավարձի չափո՞վ:

-Այո: Կարծեմ նույնիսկ աշխատավարձից մի փոքր քիչ:




Լրահոս