Ընդդիմադիր պատգամավորները կրկին ակտիվացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7-րդ գումարման խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը շարունակում են ակտիվորեն օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը:

Պատգամավորը մասնավորապես արձանագրում է, որ կան վարկային միջնորդ կազմակերպություններ, որոնք քաղաքացիներից գումար են վերցնում բանկերով գործողություն կատարելու համար: Եվ Թանդիլյանը նախագծերում ամրագրել է, որ այս փաթեթի ընդունումը հնարավորություն կտա կարգավորել նման ծառայությունների մատուցումը բացառապես բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ գործակալական պայմանագրերի հիման վրա` բացառելով քաղաքացիներից միջնորդության համար որեւէ վճարի գանձումը:

Նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ եւ ցանկանում են փոփոխություն կատարել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում: Ստացվում է` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն ունի 5 օրենսդրական նախաձեռնություն, ԲՀԿ-ն` 3, իսկ, ահա, «Իմ քայլը» խմբակցությունը ոչ մի նախագիծ չի ներկայացրել:




Լրահոս