ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասել` օտարերկրացու մասնակցությամբ զագսավորման գործընթացն ինչ ժամկետում է իրականացվում: Եվ ուզում եմ իմանալ` պետական տուրքի դրույքաչափն ինչքան է կազմում։
Իրինա Հարությունյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվությունը տրվում է ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը, եւ ոչ ուշ, քան երեք ամիսը, որից հետո ամուuնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է ՀՀ քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով:
Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը: Անձը ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների` միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում բացի պետական տուրքից վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետեւյալ չափերով`
մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)` 150.000 ՀՀ դրամ;
երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)` 120.000 ՀՀ դրամ;
յոթերորդ աշխատանքային օրը` 50.000 ՀՀ դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նշենք, որ օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք 1000 ՀՀ դրամի չափով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: