Ազգային ժողովի կայքում քիչ-քիչ տեղադրվում են յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավորների մասին տվյալները: Սակայն այս պահի դրությամբ աշխատանքները դեռ վերջնականապես չեն ավարտվել: Ընդգծենք նաեւ, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքի գլխավոր էջում դեռեւս տեղադրված չէ անգամ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի լուսանկարը:
Այնուամենայնիվ, պատգամավորների կենսագրական տվյալները մշտապես հետաքրքրություն են ներկայացրել, եւ նախկին գումարումների ժամանակ եղել են դեպքեր, երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները փորձել են այս կամ այն դրվագ թաքցնել, կամ էլ ուսումնասիրելով կարող էիր հետաքրքիր պատկերի ականատես լինել: Նույնն էլ նաեւ այժմ է, եւ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է խորհրդարանի կայքում արդեն իսկ տեղադրված պատգամավորների կենսագրական տվյալները. հիմնականում խոսքը իշխանական ուժին ներկայացնող խմբակցության մասին է: Նախ նկատենք, որ «հին» պատգամավորների դեպքում հեշտ է, նրանց տվյալներն արտատպվել են, եւ պարզապես ավելացվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում պատգամավոր դառնալու հանգամանքը:
30-ամյա պատգամավոր Սոս Ավետիսյանը, չնայած երիտասարդ լինելուն, բավականին հարուստ կենսագրական տվյալներ է ներկայացրել` հիմնականում ուսման հետ կապված: Նա եղել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու, 2016 թվականից դասավանդել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: 2016-2017թթ. եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հայոց պատմության դասախոսի օգնական:
Իշխող ուժի մեկ այլ պատգամավոր Արման Բոշյանն էլ 23 տարեկանում ավարտել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը, 27-ում էլ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Իսկ 33-ամյա պատգամավորն իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Հայփոստ»-ում` որպես փոստուղեկցորդ:
Մշտապես նշվել է, որ այս խորհրդարանը տարբերվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների առատությամբ, սակայն լրագրողներ կան ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության կազմում, այլ նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում` ի դեմս Անի Սամսոնյանի եւ Սրբուհի Գրիգորյանի: Վերջինս մի շարք տեղերում մարզային թղթակից է աշխատել: